ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկը հոկտեմբերի 10-14-ը «Բաղրամյան» զորավարժարանում անցկացրել է գնդային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։
Զորավարժության ընթացքում իրականացվել են պաշտպանական, հակահարձակողական գործողություններ, ոչնչացվել են թշնամու թիկունքային ուժերը և այլն:
Ուսումնամարտակական գործողությունները իրականացրել են մարտականին առավելագույնս մոտեցված իրադրության պայմաններում:
Զորավարժության ընթացքում խաղարկվել են նաև շարք մարտավարական կարևորության, ստորաբաժանումների մարտի վարման ունակությունների, փոխգործակցելիության բարձրացման, կրակային խոցման փորձարարական և հետազոտական նոր դրվագներ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի հոկտեմբերի 15-ի թողարկումից զորավարժությունը մեկնարկել է հարձակման անցած ստորաբաժանումների կրակային աջակցմամբ հրետանու և օդուժի միջոցով պայմանական հակառակորդի ոչնչացմամբ։ Գործի են դրվել Մի֊8 ռազմական ուղղաթիռներ, տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, իրականացվել է մարտական դեսանտի իջեցում։
Գնդային զորավարժության նպատակներն էին ստորաբաժանումների մարտական պատրաստականության ստուգումը, պաշտպանական և հակահարձակողական գործողությունների վարման ընթացքում ստորաբաժանումների մարտական ներդաշնակման, անձնակազմի դաշտային վարժվածության և բարդ պայմաններում գործելու ունակությունների կատարելագործումը:
Զորավարժության ընթացքում կատարելագործվել են նաև ստորաբաժանումների հրամանատարների հմտությունները պաշտպանական մարտի նախապատրաստման և վարման, հակագրոհի կազմակերպման ու կրակի կառավարման ուղղությամբ: