Instigate Robotics ընկերությունը ներկայացնում է իր ԱԹՍ-ները և ոչ միայն. ArmHiTec-2016

Հայաստանյան Instigate Robotics ընկերությունը և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ArmHiTec-2016 ցուցահանդեսին համատեղ ներկայացնում են անօդաչու թռչող սարքեր և զորքերի ղեկավարման համակարգեր, որոնք ղեկավարության համար հեշտացնում են որոշումների ընդունումը, ինչպես նաև վրաններ, քնապարկեր ու վրան-անձրևանոցներ:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և մյուս հյուրերին Instigate Robotics ընկերության ներկայացուցիչը (աջից) ներկայացնում է իրենց արտադրանքն ու սարքավորումները

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և մյուս հյուրերին Instigate Robotics ընկերության ներկայացուցիչը (աջից) ներկայացնում է իրենց արտադրանքն ու սարքավորումները

Տաղավարում մի քանի մոնիտորի վրա տեսնում ենք մեր շարժումները, որ նկարում է սեղանին դրված ԱԹՍ-ի տեսախցիկը, բայց մոնիտորներից մեկը դա ցույց է տալիս մի քանի վայրկյան ուշ: Ընկերությունը ներկայացնող Արման Պողոսյանը բացատրում է, որ իրենց պատրաստած սարքերից մեկը թույլ է տալիս առաջին գծում անօդաչու թռչող սարքերի նկարածը իրական ժամանակում ցուցադրել վաշտ-գումարտակ-գունդ և ավելի բարձր օղակների հրամանատարական կետերում և շտաբներում: Այս ամենն ապահովվում է ձեռքի մեջ տեղավորվող մի սարքի միջոցով:

— Սարքերից մեկը դրվում է վաշտի, մյուսը՝ ավելի բարձր օղակի հրամանատարական կետում, և ցանցի միջոցով այդ սարքերը հրամանատարությանն են ներկայացնում այն, ինչ առաջին գծում նկարում է անօդաչուի օպերատորը: Հրամկազմը ոչ թե լսում է զեկույցներ, թե ինչ է տեսնում օպերատորը, այլ անմիջապես տեսնում է այն, ինչ տեսնում է օպերատորը, — նշում է Արման Պողոսյանը:

Բարձր օղակի համար անօդաչուի նկարածը ցուցադրվում է մոտ 7 վայրկյան հապաղումով (ուշացումով), բայց դա, ըստ Պողոսյանի, արդեն բավարար լուծում է, իսկ հապաղումը կարելի է կրճատել հետագա կատարելագործման միջոցով:

ԱԹՍ-ի նկարած վիդեոհոսքը օպերատորի մոնիտորին (աջ), վաշտի հրամանատարական կետի մոնիտորին (կենտրոն), գնդի և ավելի բարձր օղակի շտաբում (ձախից)

ԱԹՍ-ի նկարած վիդեոհոսքը օպերատորի մոնիտորին (աջ), վաշտի հրամանատարական կետի մոնիտորին (կենտրոն), գնդի և ավելի բարձր օղակի շտաբում (ձախից)

Այս սարքի «գաղափարական» շարունակությունը «իրավիճակային կենտրոնի» համար պատրաստված համակարգչային եռաչափ քարտեզն է: Սրա վրա հավաքվում է մարտադաշտի ամբողջ ինֆորմացիան, որ տեսանկարահանել են անօդաչու թռչող սարքերը, դիտորդները և այլն: Մոնիտորի վրա երևում են Թալիշը և մերձակա բնակավայրերը, շփման գիծն ու թշնամու զինտեխնիկան:

Թվային եռաչափ քարտեզը ներկայացնող Արման Պողոսյանը նշում է, որ անօդաչուների և դիտորդների տեսանկարահանած այդ ամբողջ ինֆորմացիան (հակառակորդի դիրքեր, զինտեխնիկա) անհրաժեշտ է որևէ տեղ պահել, մշակել, կառավարել ու ղեկավարման կենտրոններին ցույց տալ այնպես, որ նրանք կարողանան որոշում կայացնել նաև օպերատիվ ժամանակում:

— Տարբեր շերտերով կարելի է ֆիլտրել, թե ինչ ես ուզում տեսնել: Ենթադրենք՝ տանկերը. կարող ես տեսնել, թե դա որ տանկն է, Տ-90 է, թե այլ, կարող ես տեսնել՝ վերջին անգամ երբ է այդտեղ նկարահանում եղել, կարող ես վերադառնալ նախորդ տեսանյութերին, լուսանկարներին և այլն, — նշում է Պողոսյանը:

Քարտեզի վրա երևում են իրականում արված տեսանյութեր ու լուսանկարներ, որոնց հիման վրա քարտեզում տեղադրվել են թշնամու տանկեր ու այլ զինտեխնիկա, անմիջապես քարտեզի վրա կարելի է սեղմել տեսանյութերի կամ լուսանկարի վրա և նայել դրանք, կարելի է քարտեզով հետ ու առաջ գնալ:

Թշնամու զինտեխնիկան՝ ներկայացված էլեկտրոնային եռաչափ քարտեզի վրա

Թշնամու զինտեխնիկան՝ ներկայացված էլեկտրոնային եռաչափ քարտեզի վրա (Թալիշի ուղղությունը)

Աջից՝ ԱԹՍ նկարած լուսանկարը, որի հիման վրա եռաչափ քարտեզի վրա նշվել է թշնամու զինտեխնիկայի տեղադրությունը

Աջից՝ ԱԹՍ նկարած լուսանկարը, որի հիման վրա եռաչափ քարտեզի վրա նշվել է թշնամու զինտեխնիկայի տեղադրությունը

Ընկերության ներկայացուցիչը ներկայացնում է նաև համակարգի հետագա զարգացման տեսլականը, ըստ որի՝ համակարգի հետագա տարբերակները կմոդելավորեն վարքը: Այսինքն, եթե տեսանյութերի հիման վրա քարտեզում տեղադրենք թշնամու տանկերի, հրետանու և այլ տեխնիկայի կոնկրետ քանակությունը, հետո ներմուծենք մեր ունեցած հակազդման միջոցների, հրանոթների քանակը, դրանց մաշվածության ու դիպուկության տվյալները, համակարգն ինքնուրույն կհաշվարկի և կներկայացնի մարտի հավանական արդյունքները: Սա թույլ կտա քարտեզի վրա, ավտոմատ հաշվարկված տեսնել սեփական թույլ և ուժեղ կողմերը, հնարավորություններն ու սպառնալիքները:

Արման Պողոսյանը ներկայացնում է նաև Instigate Robotics ընկերության անօդաչու թռչող սարքերն ու դրանց միջոցով ստեղծված լուծումները: Ընկերությունն անօդաչուների զանգվածային արտադրությամբ չի զբաղվում, դրա փոխարեն այդ սարքերի միջոցով տալիս է կոնկրետ լուծումներ համալիր խնդիրների համար:

Ընկերության ներկայացուցիչը մասնավորապես պատմեց Սինգապուրում իրենց անօդաչու թռչող սարքի աշխատանքը:

— Սինգապուրի տարածքը շատ փոքր է նրա համեմատ, թե ինչքան նավ է այնտեղ գալիս: Եվ նավերի բեռնափոխադրումները հենց ծովում են անում. բեռնափոխադրող նավը գալիս է, մի նավից վերցնում է կոնտեյներները, տանում է այլ տեղ: Այս ամենը պետք է վերահսկել, ինչի համար Սինգապուրում օգտագործում են կատերներ, որոնք ջոյստիկով կառավարում են «իրավիճակային կենտրոնից»: Բայց կատերն ավելի ցածր է, քան տանկերը (խոշոր նավ — խմբ.), և կատերի վրայից բարձրանում է մեր անօդաչուն, նկարում է՝ ինչ է կատարվում այդ պահին տանկերի վրա, — նշում է Արման Պողոսյանը:

Instigate Robotics ընկերության անօդաչու թռչող սարքերը

Instigate Robotics ընկերության անօդաչու թռչող սարքերը

Բացի Սինգապուրի հետ կոնկրետ խնդրի լուծման վերաբերյալ համագործակցությունը, ընկերությունը սեփական ինքնաղեկասարքեր (ավտոպիլոտ) է սարքել, ինչ կարևոր է նրանով, որ կարելի է ստեղծել կոնցեպտուալ այլ տիտի անօդաչու թռչող սարք, և այդ ավտոպիլոտը վերածրագրավորումից հետո կաշխատի նաև այդ սարքի հետ, կապահովի դրա թռիչքն ու կայունությունը:

— Դա այն մաթեմատիկան է, որ մենք որպես գիտելիք ձեռք ենք բերում, հետո դա վերածում ենք ծրագրի, ծրագիրը դնում ենք ավտոպիլոտի չիպում, ու ինքն այդ ծրագիրն իրականացնում է, — նշում է Արմանը:

Բացի այս ամենը, տաղավարում ներկայացված են նաև ծրագրավորվող չիպեր, դրանք կարելի է վերածրագրավորել և «հարմարացնել» սեփական խնդիրների լուծման համար: Արման Պողոսյանը նշում է, որ այս ոլորտում նույնպես ընկերությունը մեծ փորձ է կուտակել. իրենք ամերիկյան ու եվրոպական ընկերությունների հետ են աշխատում, իսկ այդ չիպերն օգտագործվում են նաև ռազմական ոլորտում:

Instigate Robotics ընկերության ներկայացուցիչը ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին է ներկայացնում ծրագրավորվող չիպերը

Instigate Robotics ընկերության ներկայացուցիչը ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին է ներկայացնում ծրագրավորվող չիպերը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին ներկայացվում են հայկական արտադրության վրաններն ու քնապարկերը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին ներկայացվում են հայկական արտադրության վրաններն ու քնապարկերը

Instigate robotics ընկերության և ԻՏՁՄ համատեղ տաղավարի «կենցաղային» սեկցիայում էլ ներկայացվում են զինծառայողների համար նախատեսված վրաններ, քնապարկեր,  վրան-անձրևանոցներ և այլն: Չորստեղանոց վրանները, որ փակված վիճակում կարելի է կրել ուսապարկի պես, անձրևանոցները և քնապարկերը դեռևս Ապրիլյան պատերազմի օրերից արտադրվում և ուղարկվում են զորքեր:

Արտադրանքը ներկայացնող Արմենուհի Պետրոսյանը նշում է, որ վրաններից առնվազն երեք հազար հատ ուղարկվել է զորքեր: Արտադրատեսակների մեջ է նաև մարտաբաճկոնը, որը փորձարկումների փուլում է:

Հայաստանում արտադրվող մարտաբաճկոնը, որի փորձարկումներն ընթացքի մեջ են

Հայաստանում արտադրվող մարտաբաճկոնը, որի փորձարկումներն ընթացքի մեջ են

Հայաստանում արտադրվող և հայկական բանակին մատակարարվող չորստեղանոց վրանը

Հայաստանում արտադրվող և հայկական բանակին մատակարարվող չորստեղանոց վրանը

Ընդհանուր առմամբ անդրադառնալով իրենց մասնակցությանը՝ Արման Պողոսյանը նշում է, որ առաջին անգամ են մասնակցում ռազմական ոլորտի ցուցահանդեսի:

— Բարձր տեխնոլոգիաներն անընդհատ մտնում են ռազմական ոլորտ, ռազմական ոլորտը սկսել է արագ փոփոխվել. անընդհատ դուրս են գալիս նոր, փոքր, խելացի զենքեր, ու հետո՝ հակազդող զենքեր են դուրս գալիս, դրանից հետո պետք է առաջինները վերածրագրավորել, որպեսզի ուրիշ ֆունկցիա կատարեն և այլն: Արդյունքում բարձր տեխնոլոգիաների կիրառությունը սկսել է ավելի ու ավելի շատանալ: Այդ պատճառով մտածել ենք մեր փորձը ցույց տալ — նշում է ընկերության ներկայացուցիչը:

2 responses to “Instigate Robotics ընկերությունը ներկայացնում է իր ԱԹՍ-ները և ոչ միայն. ArmHiTec-2016

  1. Pingback: Հաջորդ АrmHiTec ցուցահանդեսը կլինի 2018 թվականին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *