Սիրիայում անհայտ օդային օբյեկտները կխոցվեն միանգամից․ ՌԴ ՊՆ

Սիրիայում ՌԴ ԶՈՒ ռազմաբազաների պաշտպանությունը իրականացվում է Ս-300 և Ս-400 ԶՀՀ֊երով։ Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր անհայտ օդային թիրախ ժամանակի սղության պատճառով կոչնչացվի միանգամից՝ առանց ճշտելու, թե օբյեկտը ում է պատկանում։ Այս մասին հոկտեմբերի 6-ին՝ ճեպազրույցի ժամանակ, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ֊մայոր Իգոր Կոնաշենկովը։

Ռուսաստանի ԶՈւ՝ Սիրիայի տեղափոխված և անմիջապես մարտական հերթապահության դրված Ս-400 ՀՕՊ համակարգերի արձակման կայանները

Ռուսաստանի ԶՈւ՝ Սիրիայի տեղափոխված և անմիջապես մարտական հերթապահության դրված Ս-400 ՀՕՊ համակարգերի արձակման կայանները

Սրանով ՌԴ ԶՈւ պաշտոնյան պատասխանել է ԱՄՆ ԶՈւ՝ Սիրիայի կառավարական ուժերի դեմ գործողություններ սկսելու մասին լրատվամիջոցների տեղեկություններին։

Կոնաշենկովը նշել է, որ ռուսաստանցի զինծառայողները աշխատում են Սիրիայի «ցամաքում», այդ պատճառով սիրիական կառավարության վերահսկած տարածքներում նկատվող յուրաքանչյուր հրթիռ և օդային հարված սպառնալիք է նաև ռուսաստանյան զինծառայողների համար։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ պաշտոնյաները Reuters գործակալությանը հայտնել էին, որ դեռ քննարկվում է Սիրիայի կառավարական ռազմաբազաներից մեկին հարվածելը, սակայն դրա հավանականությունը նվազում է, քանի որ ռիսկ կա, որ ավիահարվածի արդյունքում կտուժեն նաև ռուսաստանցի զինծառայողներ։

Իսկ հոկտեմբերի 6-ին ԱՄՆ սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնեստը հայտնել է, որ քննարկումներ եղել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերահսկողության տակ գտնվող օբյեկտներին հարվածելու շուրջ, սակայն ԱՄՆ֊ն պետք է ուշադիր լինի Մերձավոր Արևելքում մեկ այլ պատերազմի մեջ չներքաշվելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *