Իրաքը դիմել է ՄԱԿ-ին՝ իր տարածքից Թուրքիայի զորքը հանելու համար

Իրաքի արտաքին գործերի նախարարությունը  արտահերթ նիստ գումարելու հայցով  դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` քննարկելու Իրաքի հյուսիսում թուրքական զինուժի ներկայության և Իրաքի ներքին գործերին միջամտության հարցը: Փոխանցում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:

Հայցով Իրաքը պահանջում է ՄԱԿ ԱԽ-ին համապատասխան բանաձևով թույլ չտալ Թուրքիային խախտել Իրաքի ինքնիշխանության իրավունքը:

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի խորհրդարանը 1 տարով (մինչև 2017 թ.հոկտեմբերի 30) երկարաձգեց  երկրի զինված ուժերի՝ Իրաքում և Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ մանդատը:

Մինչ այդ Իրաքի Բեշիքայի շրջանում Թուրքիան զինուժ տեղակայել է 2015թ. դեկտեմբերից: Քրդական ինքնավարության Փեշմերգե զինված ուժերին մարզելու պատրվակով ՝ այստեղ է տեղակայվել շուրջ 150 հոգանոց հատուկջոկատայինների գումարտակ, ինչպես նաև տանկեր՝ առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների կարծիքը հաշվի առնելու:

2016թ․ հոկտեմբերի 4-ին  Իրաքի խորհրդարանը ընդունեց Թուրքիայի այդ որոշումը դատապարտող բանաձև և  խնդրի կարգավորման համար կառավարությունից պահանջեց ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ընդհուպ երկու երկրների տնտեսական հարաբերությունների վերանայում:

Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին զգուշացրեց Թուրքիային, որ եթե այդ երկրի իշխանությունները թուրքական զորքերը դուրս չբերեն Հյուսիսային Իրաքի տարածքից, դա կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի:

Հոկտեմբերի 6-ին, սակայն,  Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ թուրքական զորքերը շարունակելու են մնալ Հյուսիսային Իրաքում, ավելի կոնկրետ՝ Մոսուլի մոտ գտնվող  Բեշիքայի շրջանում:

Թուրքիան երկրի զինված ուժերին թույլատրում է ռազմական գործողություններ իրականացնել Իրաքի հյուսիսում՝ սկսած 2007 թվականից։

2 responses to “Իրաքը դիմել է ՄԱԿ-ին՝ իր տարածքից Թուրքիայի զորքը հանելու համար

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 2 – 8 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է անում հարգել Իրաքի ինքնիշխանությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *