Պաշտպանության ոլորտի նոր ղեկավարության բազում անելիքները. վերլուծություն

Մամուլում և սոցիալական ցանցերում արդեն բավականին մանրամասն քննարկվել են ՀՀ պաշտպանության նոր նախարարի և գլխավոր շտաբի նոր պետի կենսագրությունները, նշանակումների նպատակահարմարության, շարժառիթների, այլընտրանքների և այլ հարցեր։ Քննարկումներն, իհարկե, տարբեր որակի էին՝ դավադրապաշտականներից մինչև կշռադատված և ողջամիտ, բայց ամեն դեպքում, այդ բոլոր հարցերին ևս մեկ անգամ անդրադառնալու կարիք չենք տեսնում։ Այս պահին, դրանք արդեն երկրորդական հարցեր են։

Շատ ավելի կարևոր և քննարկման արժանի է ապագա անելիքների հարցը։ Պաշտոնավարման արդեն իսկ երրորդ օրը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ հակիրճ անդրադարձել է հայկական բանակի զարգացման տեսլականին՝ անվանելով այն «անցում բանակաշինությունից դեպի ազգ-բանակի կառուցում»։

Նախարարը նաև նշել է, թե հատկապես ինչ է ենթադրվում այդ կոնցեպցիայի տակ.

  • բանակը տնտեսության վրա ծանր բեռ լինելուց պիտի դառնա տնտեսության առաջատարը և շոգեքարշը, ինչը ենթադրում է հասարակության ամենալայն խավերի պոտենցիալի ներգրավում բանակի հետ կապված ծրագրերում;
  • բանակը «հասարակության հայելի» լինելուց պիտի դառնա «հասարակության դպրոցն ու դարբնոցը»։

Այս պահին, իհարկե, սրանք պարզապես գեղեցիկ հնչող ու բավականին ընդհանուր ուրվագծեր են։ Ավելի կոնկրետ հնարավոր կլինի խոսել նոր կառավարության ծրագրի հրապարակումից հետո և, բնականաբար, նաև գործնական քայլերի արդյունքը տեսնելուց հետո։ Այնուամենայնիվ հիմա էլ կարող ենք մեզ թույլ տալ որոշ ենթադրություններ անել, թե իրենից հատկապես ինչ պիտի ներկայացնի նախարարի նշած «ազգ-բանակ» կոնցեպտը։

Նախարարի խոսքերից դատելով՝ բանակը պիտի ստանձնի մի շարք ոլորտներում նորարարությունների պատվիրատուի, առաջ մղողի և իրական կյանքում ներդնողի դերը։

Այս մոտեցումն, իհարկե, զուտ հայկական հայտնագործություն չէ և արդյունավետ կիրառվում է բազմաթիվ երկրներում։ Մեզանում էլ նախկինում հանրային քննարկումներում նման պահանջ դրվել է. մասնավորապես բազմիցս խոսվել է հայրենի ռազմաարդյունաբերության զարգացման մասին, ընդ որում՝ այնպես, որ ռազմաարդյունաբերության նվաճումները կիրառելի լինեն և կոմերցիոն պոտենցիալ ունենան նաև քաղաքացիական կյանքում։

Բացի այդ, բանակի՝ հասարակության համար դարբնոց լինելու միտքը թույլ է տալիս ենթադրել, որ «ազգ-բանակ» կոնցեպտը նախատեսում է բանակի գրավչության և հեղինակության արմատական բարձրացում։

Մենք հույս ունենք, որ այս կոնցեպտը կներառի նաև մի շարք այլ շերտեր էլ, ինչպես օրինակ՝ զենք կրելու և դրան տիրապետելու մշակույթի արմատացում, տարածքային պաշտպանության հարցերում շվեյցարական մոդելի նման համակարգի աստիճանական ներդրում և, որպես հետևանք, մոբիլիզացիոն ռեզերվի մեծացում և ուժեղացում ինչպես քանակապես, այնպես էլ՝ որակապես։ Ըստ էության, այս ցանկություններն էլ նորույթ չեն և բավական հաճախ քննարկվել են առնվազն փորձագիտական շրջանակներում։

Պաշտպանության ոլորտում նոր կառավարության, նոր նախարարի ներկայացրած տեսլականը քննարկելուց զատ, մենք, այնուամենայնիվ, կցանկանայինք անդրադառնալ նաև առկա մի շարք կոնկրետ խնդիրների, որոնց լուծումն ակնկալում ենք տեսանելի ապագայում…

Պայքար կոռուպցիայի դեմ

ՊՆ-ում կոռուպցիոն երևույթները հանրությանը հուզող հիմնական հարցերից են։ Անկախ այն բանից, թե իրականում ինչ չափերի է հասնում կոռուպցիան նախարարությունում, այդ թվում՝ պետական կառավարման այլ ոլորտների հետ համեմատ, պաշտպանության նախարարությունից ակնկալիքներն ու նրա նկատմամբ պահանջներն ավելի խիստ են, ինչը բնական է։

Հաշվի առնելով, որ Վիգեն Սարգսյանի անունը երբևէ չի հոլովվել կոռուպցիոն ու տնտեսական սկանդալներում և, առհասարակ, նա ունի ազնիվ մարդու համբավ, օրինաչափ է նրանից ակնկալել ՊՆ աշխատանքում թափանցիկության բարձրացման և կոռուպցիոն դրսևորումների վերացմանն ուղղված վճռական ու արդյունավետ քայլեր։

Ընդ որում՝ նախարարի հռչակած «բանակը տնտեսության առաջատարը և շոգեքարշը» դարձնելու նպատակի իրագործման համար այս խնդրի լուծումը և հանրային ամուր վստահությունն անհրաժեշտ պայման են։

Ռազմական կրթության որակի և գրավչության բարձրացում

Հայաստանում ռազմական կրթության ոլորտն այսօր ունի բազմաթիվ թերություններ. սկսած դեռ դպրոցում նախնական զինվորական պատրաստության առարկայի «երկրորդական» ու «անկարևոր» համբավ ունենալուց, վերջացրած՝ երիտասարդների համար ռազմական բուհերի ցածր գրավչությամբ։

Թեև այս ոլորտում նախկինում էլ կատարվել են և կատարվում են աշխատանքներ, բայց առկա իրավիճակի ռիսկերն ակնհայտ են. դիմորդների փոքր ընտրանքը հանգեցնում է սպաների հաջորդ սերունդների մասնագիտական որակների անկման։ Ուստի, կրթության ժամանակակից մեթոդներին ծանոթ ու նաև դասավանդման փորձ ունեցող Վիգեն Սարգսյանից մենք ակնկալում ենք նաև ռազմական կրթության ոլորտում էական ռեֆորմներ, որոնք կհանգեցնեն ինչպես ռազմական կրթական հաստատություններում դասավանդման որակի բարձրացմանը, այնպես էլ այդ հաստատությունների հեղինակության ու գրավչության աճին։

Ուշադրություն դարձնենք, որ այս խնդրի լուծումը ևս անհրաժեշտ պայման է նորանշանակ նախարարի հայտարարած նպատակներին հասնելու համար. որպեսզի բանակը լինի հասարակության դարբնոց, մեզ պետք են որակյալ դարբիններ-սպաներ։

Սահմանամերձ բնակավայրերի պաշտպանություն

Հայաստանի սահմանամերձ ռիսկային գոտիների պաշտպանվածության հարցը մինչև այսօր լուծվել է առավելապես տեղային, կետային միջոցառումներով։ Կարծում ենք, որ ժամանակն է մշակել այդ ռիսկային գոտիներում կոմունիկացիոն, պաշտպանական ու տնտեսական ենթակառուցվածքների շարունակական զարգացման ընդհանուր հայեցակարգ ու մոտեցում։ Թեպետ սա ավելի մեծ խնդիր է քան զուտ ՊՆ ոլորտը, սակայն կարծում ենք, որ պաշտպանության նախարարությունը կարող է և պետք է ստանձնի այս ոլորտի խնդիրների լուծման «առաջատարի և շոգեքարշի» դերը և համակարգի նաև այլ գերատեսչությունների աշխատանքն այս ոլորտում։

* * *

Այս ամենի հետ մեկտեղ, անհրաժեշտ են որոշակի քայլեր նաև բանակի առկա սպառազինության թարմացման և բանակի հնարավորությունների բարձրացման ուղղությամբ։

Անհատական հանդերձավորման միջոցների զարգացում

Հայ-ադրբեջանական հակամարտության ներկա փուլն աչքի է ընկնում դիրքային պայքարով ու կետային գործողություններով, հազվադեպ՝ թեպետ լիովին լայնածավալ չդարձող, բայց ինտենսիվ տեղային գործողություններով, առանց պատերազմի մեջ կողմերի բանակներն ամբողջությամբ ներքաշելու (այդպիսին էր օրինակ` ապրիլյան պատերազմը)։

Այդպիսի ոչ համընդհանուր պատերազմներում հաջողության հավանականության վրա էական ազդեցություն է թողնում անձնակազմի անձնական հանդերձավորման որակը. գիշերային մարտ վարելու համար անհատական սարքավորումների առկայությունը, տվյալ բնակլիմայական պայմանների համար օպտիմալ հագուստը, կապի անհատական միջոցները, անհատական պաշտպանության բարձրորակ միջոցները և այլն։

Առաջնագծի մոնիտորինգի, հետախուզման միջոցների ներդնում

Ապրիլյան պատերազմի փորձը ցույց տվեց, որ առաջնագծի այն հատվածներում, որտեղ արդեն իսկ կային տեղադրված մեծ խորությամբ հետախուզություն իրականացնող համակարգեր, թշնամու մտահղացումները ժամանակին բացահայտվեցին և կանխվեցին։

Ուստի կարևոր է նախ ավարտին հասցնել առաջնագծի կահավորումը համապատասխան համակարգերով, ինչպես նաև անձնակազմի պատրաստումը, իսկ ապագայում նաև ավելի արդիական միջոցների ներդնումը, այդ թվում, օրինակ՝ հետախուզական տվյալներն ի մի բերող և մշակող ավտոմատացված համակարգերի։

Կապ, ՌԷՊ, ԱԹՍ-ներ

Ապրիլյան պատերազմի արդյունքում երևաց նաև զորքերում կապի ժամանակակից տեխնոլոգիաների ավելի լայնամասշտաբ կիրառման անհրաժեշտություն։

Միաժամանակ զգացվեց, որ ժամանակակից պատերազմներում էապես մեծացել են ՌԷՊ միջոցների դերը, ինչպես հակառակորդի կապի ճնշման, այնպես էլ օրինակ՝ ԱԹՍ-ների դեմ պայքարի նպատակով։

Իրենց հերթին առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել նաև սեփական անօդաչու սարքերի, այդ թվում՝ փոքր ու խմբերով («պարսերով») աշխատելու ունակ ԱԹՍ-ների կիրառման հնարավորության վրա։

Հրետանու արդիականացում

Ե´վ ապրիլյան պատերազմի, և´ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի փորձը ցույց են տալիս, որ ժամանակակից պատերազմում, եթե կողմերից ոչ մեկը չունի ժամանակակից հզոր օդուժ, ապա վճռորոշ դեր է ունենում հրետանին։

Սա հաշվի առնելով կարծում ենք, որ հրետանու զարգացումը նույնպես պիտի լինի գլխավոր շտաբի առաջնահերթությունների առաջին հորիզոնականներում։ Մեր կարծիքով զարգացման հիմնական ուղղությունները պիտի լինեն.

  • Հրետանավորների մասնագիտական որակների շարունակական բարելավում
  • Հրետանու կառավարման հնարավորինս արդիականացում և ավտոմատացում
  • Հրետանային հետախուզության միջոցների զարգացում
  • Հրետանու մոբիլության բարձրացում

Սերգեյ Մինասյան. ուշադրություն դարձնել տակտիկական մակարդակին

Ռազմինֆոյի հետ զրույցում փորձագետ Սերգեյ Մինասյանը նույնպես կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել մարտավարական մակարդակի վրա։ Հայկական զինված ուժերում առկա «Իսկանդեր», «Սմերչ», «Սկադ» հրթիռային համակարգերը զսպում են ռազմական գործողությունների լայնածավալ էսկալացիան, սակայն անհրաժեշտ են քայլեր, որոնք կապահովեն մեր գերակայությունը նաև անմիջականորեն մարտադաշտում, այդ թվում.

  • Հակատանկային ստորաբաժանումների ավելացում, արևմտյան և/կամ չինական արտադրության ժամանակակից («կրակեցիր-մոռացար») տիպի հակատանկային հրթիռային համալիրների գնում
  • Միջին և փոքր հեռահարության ՀՕՊ և ԱԹՍ դեմ պայքարի համակարգերի գնումներ
  • Ինքնագնաց հրետանու զարգացում (օր.՝ «Մստա-Ս»)
  • Կրակի կառավարման համակարգերի ավելացում

Փորձագետի կարծիքով այս քայլերը ենթադրում են նաև ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության և ռազմական հայեցակարգի վերանայում։ Վերանայման ենթակա է նաև ռազմական գերատեսչության՝ հանրության հետ կապերի և տեղեկատվության համակարգի աշխատանքը։

Սերգեյ Մինասյանը հատուկ ընդգծեց նաև երիտասարդ մասնագիտական կադրերն առաջ տանելու կարևորությունը։

Էմիլ Սանամյան. «Ավելի շատ նախաձեռնողականություն»

Ամերիկաբնակ լրագրող Էմիլ Սանամյանը, ով նաև թղթակցում է ռազմական թեմաների վրա մասնագիտացող միջազգային հեղինակավոր Jane’s գործակալությանը, համարում է, որ անհրաժեշտ է ավելացնել սեփական ռազմական ռեսուրսները, ընդհուպ մինչև կանանց զորահավաք և Սփյուռքի կադրերի օգտագործում։

Նա առաջարկում է նաև բարձրացնել հակամարտության «գինը» հակառակորդի համար՝ բոլոր մակարդակներով աշխուժորեն հակազդելով Ադրբեջանին սպառազինության մատակարարումներին, փնտրելով տեխնիկական լուծումներ հակառակորդի արդեն ունեցած սպառազինությունը չեզոքացնելու համար, ակտիվացնելով Ադրբեջանի զինված ուժերին ուղղված հոգեբանական գործողությունները, նամանավանդ առաջնագծում։

* * *

Նկատենք, որ վերոնշյալ բոլոր առաջնահերթությունները որոշակի նպատակային աշխատանքի դեպքում մասամբ կամ ամբողջությամբ կարող են իրագործվել Հայաստանի սեփական ուժերով։ Ու սրանք նույնպես լիովին տեղավորվում են բանակի` նորարարությունների պատվիրատուի դերում հանդես գալու սկզբունքի շրջանակներում։

2 responses to “Պաշտպանության ոլորտի նոր ղեկավարության բազում անելիքները. վերլուծություն

  1. Спасибо за статью, интересные выводы…

    Но вы не отметили, возможно самое главное, а именно создание полноценной разведывательной структуры.
    Понимание возможных действий противника, диктует как именно развивать все те пункты, которые вы отметили (естественно в разрезе собственных планов).

    Без разведки, все предпринятые шаги, неоднозначны, в плане их актуальности.

    В этой связи важно:
    1) Создание/Развитие механизмов сбора информации.
    2) Создание/развитие механизмов анализа данных. Создание “школы” аналитики разведданных
    3) Принятие оперативных, иногда превентивных решений/действий в рамках спецопераций спецвойск.

    Естественно все 3 пункта имеют множество подпунктов. И точно так же в большинстве случаев известны сами решения.
    Стоит отметить лишь важность наличия самых современных технических средств разведки. Это та область, где бюджет на закупку технологий не должен быть ограничен в принципе, в силу ограниченности самих, доступных современных решений и технологий.

    Спасибо!

    P.S. По моему мнению РЭБ, это лишь часть разведки в целом, или часть спецвойск. Радиоэлектронная часть противодействия. Рассматривать его отдельно не верно, так же как не верно его отдельное от разведки применение.

  2. Pingback: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական կրթության համակարգի ձեռքբերումներն ու բացերը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *