ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավը մարտական հերթապահության է անցնելու Միջերկրական ծովի արևելյան հատվածում ՌԴ ռազմածովային ուժերի նավերի խմբի կազմում: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:
Շոյգուն հայտնել է, որ այժմ Միջերկրական ծովի արևելյան հատվածում հերթապահություն իրականացնող նավերի խմբում ընդգրկված են 6 ռազմանավ և 3–4 այլ նավ:
«Միջերկրական ծովում ռուսաստանյան նավախմբի ռազմական ուժը մեծացնելու համար նախատեսում ենք դրա մեջ ընդգրկել ավիակիրների խումբ՝ «Ադմիրալ Կուզնեցով» հածանավի գլխավորությամբ», — ասել է Շոյգուն:
Ավելի վաղ՝ 2016-ի հուլիսին, «ՏԱՍՍ» գործակալությունը, վկայակոչելով ռազմական աղբյուրներին, հայտնել էր, որ «Ադմիրալ Կուզնեցով» հածանավը 2016-ի հոկտեմբերից – 2017-ի հունվար ամիսներին մասնակցելու է Միջերկրական ծովից Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դիրքերին ավիահարվածներ հասցնելուն:
Համաձայն աղբյուրի՝ այդ շրջանում ավիակրի վրա հերթապահություն են իրականացնելու 15 միավոր Սու-33 կործանիչներ, ՄիԳ-29/ԿՈւԲ կործանիչներ և մոտ 10 միավոր Կա–52Կ, Կա-27, Կա-31 ուղղաթիռներ: Աղբյուրը նշել է նաև, որ հածանավը 2016-ի հունիսին տեխնիկական վերանորոգումներներ է անցել:
Նշենք, որ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը շահագործման են հանձնել 1991-ին։ Որպես կանոն, ընդհանուր առմամբ ավիակրի վրա հերթապահություն է իրականացնում 20 ինքնաթիռ և 17 ուղղաթիռ, թեպետ այս թվերը կարող են լինել փոփոխական։ Շուրջ 2650 հոգանոց անձնակազմից 620-ը բաժին են ընկնում օդաչուներին և թռիչքները սպասարկող անձնակազմին։
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 18 – 24 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանի ԶՈւ կործանիչները Սիրիայում հարվածել են ահաբեկչական խմբավորումների դիրքերին | Ռազմ.info