Թուրք զինվորականը նշանակվել է Սիրիայում գործող զինյալ խմբավորման հրամանատար

Քրդական կողմը, իր մոտ ունենալով ոմն Թարիք Սոլակին Սիրիայի թուրքմենների 2-րդ դիվիզիայի հրամանատար նշանակվելու մասին փաստաթուղթը, պնդում է, որ Թուրքիան իր զինվորականներին նշանակում Սիրիայում գործող զինյալ խմբավորումների հրամանատարներ: Այս մասին հայտնում է քրդական ANF News լրատվական գործայալությունը:

Թարիք Սոլակին թուրքմենական 2-րդ դիվիզիայի հրամանատար նշանակելու մասին փաստաթուղթը

Թարիք Սոլակին թուրքմենական 2-րդ դիվիզիայի հրամանատար նշանակելու մասին փաստաթուղթը

Փաստաթղթում նշվում է, որ թուրքմենական 2-րդ դիվիզիայի հրամանատար Ռիյաթ Քարաբաջաքը Լաթաքիայի ուղղությամբ ընթացող մարտերում զոհվել է, և նրա փոխարեն հրամանատար է նշանակվել ավագ լեյտենանտ Թարիք Սոլակը:

Քրդական կողմը պնդում է, որ Թարիք Սոլակը Թուրքիայի ԶՈւ սպա է: Հաշվի առնելով, որ զինյալների շրջանում զիվորական կոչումների դասակարգում չկա, կարելի է ենթադրել, որ Թարիք Սոլաքը իրոք թուրք զինվորական է:

Աղբյուրը նշում է նաև, որ այս տարվա գարնանը Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող և Թուրքիային սահմանակից Թուրքմենդաղում կռվող սիրիայի թուրքմենական որոշ ստորաբաժանումներ տեղափոխվել էին Թուրքիա և օգոստոսի 24-ին թուրքական բանակի հետ միասին ներխուժել Ջարաբլուս: Թարիք Սոլակի գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա, բայց փոխարենը նշվում է մեկ այլ թուրք զինվորականի՝ Օսման Սալիհի մասին, որը, ըստ քրդերի, որպես զինյալ խմբի ղեկավար թուրքական բանակի հետ մտել էր Ջարաբլուս:

Նշվում է նաև, որ սա նմանատիպ միակ դեպքը չէ, որ քրդական կողմը հայտնում է Սիրիայի զինյալ խմբավորումների կազմում կռվող Թուրքիայի ուժայինների մասին: Այսպես, քրդական «Ջաբհաթ ալ-Աքդար» խմբավորումը առավել վաղ հայտնել էր, որ 2013-ին Շեհաբա գյուղի մոտ «Իսլամական պետության» հարձակման ժամանակ ոչնչացրել են նրանց կազմում կռվող Թուրքիայի ազգային անվտանգության կազմակերպության (MİT) երկու աշխատակցի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *