ՀՀ պաշտպանության նախարարը ԵՄ ներկայացուցչին ներկայացրել է հայ-ադրբեջանական շփման գծի վիճակը

Այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ

Զրուցակցի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների, հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ:

Սեյրան Օհանյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է քառօրյա մարտական գործողությունների դադարեցման մասին բանավոր պայմանավորվածության անտեսմամբ ադրբեջանական զինուժի կողմից շփման գծում խախտումների շարունակման վրա:

Որպես Արցախի հիմնահարցով զինված դիմակայության շուրջ բանակցությունների արդյունավետության գրավական՝ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է իրավիճակը սրող և նախահարձակ կողմին միջազգային հանրության կողմից հասցեագրված դատապարտման, պատահարների հետաքննության միջազգային մեխանիզմների և այլ լուծումների շնորհիվ փոխվստահության միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը:

Հերբերթ Զալբերն իր հերթին մտահոգություն հայտնել է ապրիլյան մարտերի և դրանց էսկալացիայի հնարավորության կապակցությամբ: Նշելով, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում՝ Զալբերն ավելացրել է, որ Եվրամիությունն ընդունում է Արցախի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը` պատրաստ լինելով ներդրում կատարել այդ ձևաչափով բանակցությունների ակտիվացմանը:

Նշենք, որ ավելի վաղ Եվրամիության ներկայացուցչի ընդունել է նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ կայքը։

Նախարար Նալբանդյանը դեսպան Զալբերին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում բանակցային գործընթացին հասցված վնասը, դրա հետևանքները հաղթահարելուն ուղղված ջանքերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի վերսկսման հնարավորությունների շուրջ։ Այս առումով նախարար Նալբանդյանը շեշտել է, որ այս պահին հնարավոր հանդիպումները կարող են ուղղված լինել ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կրկնության բացառմանը, 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարմանը, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրմանը։ Էդվարդ Նալբանդյանի խոսքերով այդ քայլերը համապատասխան պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը շարունակելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *