ՀՀ ԶՈւ բժշկական ստորաբաժանումը Գերմանիայում կմասնակցի բազմազգ զորավարժության

Մարտի 31-ից ապրիլի 23-ը Հոհենֆելսում (Գերմանիա) տեղակայված ԱՄՆ ԶՈւ միացյալ բազմազգ վարժական կենտրոնում անցկացվելու է «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժությունը, որին մասնակցելու է նաև ՀՀ զինված ուժերի 32 հոգանոց բժշկական ստորաբաժանումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ու ԱԻՆ փրկարար ծառայությունների զորավարժությունից

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ու ԱԻՆ փրկարար ծառայությունների զորավարժությունից (արխիվ)

Զորավարժությանը նախատեսվում է շուրջ 18 երկրների ընդհանուր թվով մինչև 5000 զինծառայողների մասնակցություն:

Զորավարժության ընթացքում հայկական կողմն ապահովելու է ՆԱՏՕ-ի չափանիշներով 2-րդ մակարդակի բուժօգնություն: Բացազատվելու ու գործարկվելու է ՀՀ զինված ուժերի ամերիկյան ԻՄԵԴՍ (EMEDS) համակարգի շարժական դաշտային հոսպիտալը:

Հոսպիտալը և դրա անձնակազմն արդեն ժամանել են Գերմանիա և ակտիվորեն ներգրավված են զորավարժության նախապատրաստական աշխատանքներում:

Նշված զորավարժությունը, միջազգային առաքելություններին 2-րդ մակարդակի բժշկական հոսպիտալ տրամադրելու վերաբերյալ 2015թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթաժողովի ընթացքում ՀՀ ստանձնած պարտավորությունների իրականացման նախապատրաստական փուլի հիմնաքարարերից մեկն է լինելու:

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ ԶՈւ խաղաղապահների առաջիկա ծրագրերը՝ նշելով, որ Հայաստանը ստանձնել է նոր հանձնառություններ, որոնք են երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալի և կցագրված անձնակազմի նախապատրաստումը և ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստականության ապահովումը:

Ավելի ուշ ՀՀ ՊՆ առաջին տեղեկալ Դավիթ Տոնոյանը պարզաբանելով նախագահի հայտարարությունը, նշել է, որ ելնելով Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ գործողությունների շուրջ 10-ամյա փորձից՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունները համակարգող կառույցները դիմել են Հայաստանին՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում պահանջվող մասնագիտացված կարողություններ պատրաստելու և տրամադրելու խնդրանքով:

ՀՀ ՊՆ կողմից առաջարկվող առաջին ստորաբաժանումը միջազգային չափորոշիչներով ԴԵՐ2 (Role 2) մակարդակի դաշտային հոսպիտալ է: Այն շարժական արագ տեղափոխվող հոսպիտալային համակարգ է, որը տեղակայվում է վտանգավոր գոտու անմիջական հարևանությամբ, ունի առաջին մասնագիտական բժշկական օժանդակություն տրամադրելու կարողություն:

Շարժական հոսպիտալի խնդիրն է հիվանդ կամ մարտի դաշտից դուրս բերված վիրավոր անձնակազմի վիճակը կայունացնել` անհրաժեշտության դեպքում իրականացնել անհետաձգելի վիրահատական միջամտություն, և ապահովել նրա ապահով էվակուացիան դեպի հոսպիտալներ` հետագա բուժումը անցնելու նպատակով:

Համակարգն ունի վիրահատական և կարճատև հոսպիտալացման հնարավորություններ: Այս ստորաբաժանումը ստեղծվելու էր ԱՄՆ 2007 թվականին տրամադրած ԻՄԵԴՍ դաշտային հոսպիտալի հիման վրա:

Շարժական հոսպիտալի և ՀՀ ՊՆ առաջարկած երկրորդ՝ սակրավորային ստորաբաժանման վերաբերյալ առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *