ՀԱՊԿ այս տարվա զորավարժություններն անցկացվելու են Ռուսաստանում, Բելառուսում, Ղրղզստանում

Մարտի 28-29-ին ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվել են ՀԱՊԿ այս տարվա օպերատիվ և մարտական համատեղ միջոցառումների վերաբերյալ առաջին շտաբային քննարկումները ՀԱՊԿ 6 պետությունների պատվիրակությունների մասնակցությամբ: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ կայքը մարտի 29-ին:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի դեսանտավորում «Փոխգործակցություն-2015» զորավարժության ակտիվ փուլում

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի դեսանտավորում «Փոխգործակցություն-2015» զորավարժության ակտիվ փուլում (արխիվ)

Բանակցությունների ընթացքում քննարկվել են տարվա ընթացքում ՀԱՊԿ 3 խոշոր զորավարժութունների մտահղացումները, զորավարժությունների վայրեր գնալու ժամկետները, մասնակից ստորաբաժանումների ու ղեկավարության կազմը և այլն: Բանակցությունների արդյունքում որոշվել է.

  • ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» հրամանատարաշտաբային զորավարժությունն անցկացվելու է Ռուսաստանում՝ ՌԴ ՊՆ ղեկավարությամբ,
  • ՀԱՊԿ համատեղ խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2016» զորավարժությունն անցկացվելու է Բելառուսում՝ Բելառուսի ՊՆ ղեկավարությամբ,
  • ՀԱՊԿ կենտրոնասիական տարածաշրջանային հավաքական արագ բացազատման ուժերի «Ռուբեժ-2016» մարտավարական զորավարժությունն անցկացվելու է Ղրղզստանում՝ Ղրղզստանի ԶՈւ ԳՇ ղեկավարությամբ:

Ավելի վաղ հայտնել ենք, որ շտաբային քննարկումներին հայաստանյան կողմից մասնակցում է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետի գլխավորած պատվիրակությունը:

Ավելացնենք, որ նշված զորավարժություններն ամենամյա են և անցկացվում են ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներում: Մասնավորապես 2015-ին «Փոխգործակցություն» զորավարժությունն անցկացվել է Ռուսաստանում (օգոստոսի 23–28), իսկ «Անսասան եղբայրություն» զորավարժությունն անցկացվել է Հայաստանում (սեպտեմբերի 30 – հոկտեմբերի 4):

Ավելացնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հետխորհրդային տարածքի վրա ստեղծված ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները ներկայում վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկստան: Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է:

Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա: Դրանից ելնելով՝ ՀԱՊԿ անդամներից մեկի վրա հարձակման դեպքում մյուս անդամները պարտավոր են անհրաժեշտ՝ այդ թվում և ռազմական օգնություն տրամադրել հարձակման ենթարկվող երկրին:

ՀԱՊԿ հավաքական ուժային բաղադրիչներից են հավաքական խաղաղապահ ուժերը, որոնք կազմված են ՀԱՊԿ անդամ 6 պետությունների զինված ուժերի ստորաբաժանումներից, ունեն ընդհանուր մոտ 3500 զինծառայող: Բացի հավաքական խաղաղապահ ուժերից, ՀԱՊԿ կազմում գործում են նաև օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը, որոնք ՀԱՊԿ տարածքից դուրս կիրառվելու մանդատ չունեն: Ներկայում ընթացքի մեջ է նաև ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի ստեղծման գործընթացը, որի նպատակն է հեշտացնել ՀԱՊԿ հավաքական ուժերի տեղափոխումները, սպառազինությունների մատակարարումը և այլն:

2 responses to “ՀԱՊԿ այս տարվա զորավարժություններն անցկացվելու են Ռուսաստանում, Բելառուսում, Ղրղզստանում

  1. Pingback: ՀՀ ՊՆ խաղաղապահները մասնակցելու են ՀԱՊԿ զորավարժության նախապատրաստման բանակցություններին | Ռազմ.info

  2. Pingback: ՀԱՊԿ զորավարժությանը Հայաստանը հետևում է որպես դիտորդ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *