[Լրացված] Սահմանապահ ուղեկալում մահացել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող

ՀՀ քննչական կոմիտեի զինվորականն քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) իններորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանի մահվան հանգամանքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:

2015թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:35-ին, ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին հեռախոսագրով հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 22:50-ի սահմաններում, սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանը, լինելով պետական սահմանի պահպանության սահմանապահ վերակարգի կազմի մեջ, ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել զորամասի բուժկետ։ Պարզվել է, որ Գևորգ Խաչատրյանն ստացել է գլխի գագաթային շրջանի հրազենային վերք, և բուժկետում գրանցվել է նրա բիոլոգիական մահը:

Ահազանգն ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը։  Նախնական տվյալներով՝ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ԱԿ-74 147 9229 համարի ինքնաձիգով։ Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել է հրազենային վնասվածք, ինչպես նաև՝ քերծվածքներ սրունքների վրա։

Պարզվել է նաև, որ նախքան կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքն ստանալը զինծառայողը հեռախոսազրույց է ունեցել։

Մշակվել են աշխատանքային մի շարք վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ, նշանակվել փորձաքննություններ։ Դեպքի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն քննության այս փուլում հրապարակման ենթակա չէ։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Լրացում.

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի։ Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու պատճառները։ Ստեղծվել է քննչական խումբ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, կատարվել են անհրաժեշտ դատավարական այլ գործողություններ:

Նախաքննության ընթացքում զորամասի զինծառայողներ` կապիտան Մ.Ս.Ոսկանյանը, ավագ լեյտենանտ Հ.Ա.Վարդևանյանը, շարքայիններ Հ.Ա.Մուրադյանը և Ա.Հ.Սարգսյանը ձերբակալվել են:

Կապիտան Մ. Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364.1-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը), 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) և 360-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը), ավագ լեյտենանյտ Հ. Վարդևանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը), շարքայիններ Հ. Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364.1-րդ հոդվածի առաջին մասով (զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը), 359-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում (2 դրվագ), 360-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը), Ա.Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով:

Ա. Ոսկանյանի և Հ. Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Հ. Վարդևանյանի և Ա. Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ քննիչների միջնորդությունները դատարանի կողմից չեն բավարարվել:

Նախաքննությունը շարունակվում է:

[Լրացում] 2017 թվականի ապրիլի 11-ին ՀՀ Քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորականն քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

One response to “[Լրացված] Սահմանապահ ուղեկալում մահացել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող

  1. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի նոյեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *