Հայաստանում լույս է տեսել «Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գիրքը

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երևանի պետական համալսարանում Էդգար Էլբակյանի հեղինակած «Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գրքի շնորհանդեսն էր, որին մասնակցում էին գրքի հերոսների՝ 2014-2015 թթ. սահմանին թշնամու հետ մերձամարտում զոհված 10 տղաների ծնողներն ու հարազատները, հրամանատարները, մարտական ընկերները և ուսանողներ։

«Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գիրքը

«Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գիրքը

Գիրքը կազմված է երեք մասից: Առաջին մասում ներկայացված են Արցախյան պատերազմի 1988-1994 թթ. իրադարձությունները և դրանց վերլուծությունը, ինչը նպատակ ունի ցույց տալ այսօրվա զարգացումների արմատական կապը պատմական ոչ վաղ անցյալի հետ։

Գրքի երկրորդ մասում ներկայացված են 2014-2015 թթ. հայ-ադրբեջանական սահմանում սրումները, դիվերսիաները և դրանց վերլուծությունը։

Իսկ գրքի երրորդ մասը հուշամատյան է՝ նվիրված 2014-15 թվականների գործողությունների ժամանակ մարտերում զոհված զինծառայողներին։

«Գրքի բաժինների դասավորվածությունն ինքնանպատակ չենք արել։ Տղաների մասին փորձել ենք գրել այնպես, որ հետնապատկերը հստակ լինի, ու այնպես չստացվի, թե հերոսացած տղերքի սխրանքներն ու այդ սխրանքներին նախորդած իրադարձությունները պատահականություն էին», — նշում է գրքի հեղինակ Էդգար Էլբակյանը։

Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան նաև տղաների նախկին հրամանատարներն ու մայրերը։ Արմեն Հովհաննիսյանի մայրը մասնավորապես նշեց, որ գիրքն իրենց՝ ծնողների համար փոքրիկ մխիթարություն է, իսկ ապագա սերնդի համար՝ ուղեցույց։

«Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գրքի հեղինակ Էդգար Էլբակյանը և գրքի խմբագիր Ալվինա Աղաբաբյանը

«Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գրքի հեղինակ Էդգար Էլբակյանը և գրքի խմբագիր Ալվինա Աղաբաբյանը. լուսանկարը գրքի հեղինակի ֆեյսբուքյան էջից

Գրքի հեղինակի խոսքերով՝ աշխատանքների ամենադժվարին ու պատասխանատու հատվածը հերոսների ընտրությունն էր։ «Գնահատելով բոլոր զոհված տղերքի գործն ու խոնարհվելով նրանց հիշատակի առաջ՝ մենք որոշեցինք այս անգամ գրել այն տղաների մասին, ովքեր զոհվել էին ոչ թե դիպուկահարի գնդակից կամ այլ հանգամանքներում, այլ մերձամարտում, իսկ ոմանք՝ ձեռնամարտում»։

«Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գիրքը կարող եք ներբեռնել և ընթերցել այստեղ։

One response to “Հայաստանում լույս է տեսել «Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գիրքը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *