ԱԱԾ-ն հրապարակել է հանցավոր խմբի ձերբակալման գործողության տեսագրությունը (վիդեո)

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է այսօր՝ նոյեմբերի 25-ին, ձերբակալված հանցավոր խմբի ձերբակալման տեսագրությունը, ինչպես նաև խմբից առգրավված զենքի և զինամթերքի քանակը (ցուցակը ստորև):

ՀՀ ԱԱԾ հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, իրացնելով օպերատիվ տվյալներ այն մասին, որ 1981 թվականին ծնված, 1997 թ. Իսպանիայում բնակվող և 2015 թ. ապրիլից Երևանում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով 2015 թ. ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների, որից 5-ը՝ Երևան քաղաքի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են, իսկ 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ:

Վերոհիշյալ հանցավոր նպատակների իրագործման համար՝ կազմակերպված խումբն ապօրինի ձեռք է բերել զենք և զինամթերք, որոնք պահել է Երևան քաղաքի Նորքի 9-րդ փողոց, 78-րդ տուն հասցեով նախապես այդ նպատակով վարձակալած առանձնատանը, որտեղ շուրջ մեկ ամիս խմբի անդամները կազմակերպել են հավաքներ և պլանավորել հանցավոր գործունեության ծրագրերը:

2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության հետ համատեղ կատարված խուզարկություններով հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքավորումներ, փամփուշտներ, փամփշտակալներ, կապի միջոցներ ու այլ տեսակի զենք և զինամթերք:

Մասնավորապես՝ Արթուր Վարդանյանի կողմից վարձակալած նշված սեփական տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել են՝
• 6 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ,
• 4 հատ «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որից մեկը խլացուցիչով,
• 1 հատ «ՏՏ» տեսակի ատրճանակ,
• 1-ական ողորկափող և օդամղիչ հրացաններ,
• Տարբեր տրամաչափի ընդհանուր 5261 փամփուշտներ,
• 2 հատ ինքնաշեն պայթուցիկ սարքեր (խուզարկության պահին եղել են միացված, վնասազերծվել են),
• 1 հատ պայթեցման սարք,
• 1 հատ հակատանկային բեկորային ական «ՄՈՒՎ 50»,
• Մոտ 1200 գրամ «տրոտիլ» պայթուցիկ նյութ,
• Մոտ 50 գրամ «պլաստիդ» պայթուցիկ նյութ,
• 11 հատ «Ֆ1» նռնակներ,
• 46 հատ «ՌԳ» նռնակներ,
• 3 հատ «ՌԳԴ-5» նռնակներ,
• 2 հատ հակատանկային նռնականետ,
• 20 հատ ինքնաձիգի պահունակներ,
• Պայթուցիչներ, օպտիկական նշանացույցեր, հեռադիտակներ, դետոնատորներ, մեծ քանակության զինվորական համազգեստ և հանդերձանք:

Հայտնաբերվել են նաև ՀՀ, Երևան քաղաքի և Գյումրի քաղաքի քարտեզներ, սխեմաներ՝ նշումներով, գրականություն, որը հաստատում է հանցավոր համագործակցության կողմից առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների փաստը։

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

Հանցավոր համագործակցության ղեկավարն ու մասնակիցները ձերբակալված են։

One response to “ԱԱԾ-ն հրապարակել է հանցավոր խմբի ձերբակալման գործողության տեսագրությունը (վիդեո)

  1. Pingback: ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների հետ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *