Բելառուսը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է գնելու Ռուսաստանից

Բելառուսը զինված ուժերը Ռուսաստանից պատրաստվում են գնել ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ, դրա համար ներկայում քննարկվում է գումարի տրամադրման խնդիրը: Այս մասին ըստ բելառուսական «ԲելՏԱ» լրատվական գործակալության, հայտնել է երկրի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը:

Ռուսաստանյան արտադրության ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչ. լուսանկարը «Վիկիպեդիայից»

Ռուսաստանյան արտադրության ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչ. լուսանկարը «Վիկիպեդիայից»

Պաշտոնյան չի նշել, թե կոնկրետ քանի միավոր զրահափոխադրիչներ է մտադիր գնել Բելառուսը: Չնայած դրան՝ սեփական աղբյուրների վրա հղումով ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերին կնքված պայմանագրով մատակարարվելիք զրահափոխադրիչները 32 միավոր են:

Բելառուսի պաշտպանության նախարարը նշել է, որ ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների մեկ միավորի գինը 900 հազար դոլար է: Այդ պատճառով, բացի նոր զրահափոխադրիչներ գնելուց, բելառուսական կողմը մտադիր է 300 հազարական դոլարով արդիականացնել սպառազինության մեջ առկա զրահափոխադրիչները և դրանով երկարացնել դրանց շահագործման ժամկետը ևս 20-25 տարով:

Ավելացնենք, որ ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչը ԲՏՌ-80 զրահափոխադրիչի խորը սերիական արդիականացումն է, նախատեսված է ստորաբաժանումները մարտի դաշտ տեղափոխելու և կրակով աջակցելու համար: Զինված է 30 մմ թնդանոթով և 7,62 մմ գնդացրով: Անձնակազմը 3 հոգի է, տեղափոխվող անձնակազմը՝ 8 հոգի: Արտադրվում է 2011 թվականից և առկա է Ռուսաստանի և Ղազախստանի զինված ուժերի սպառազինության մեջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *