Հոկտեմբերի 20-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին երկրի հանրային հեռուստաընկերության «Պիրվելի արխիի» եթերում ընդգրկուն հարցազրույց է տվել Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման և առաջիկայում սպասվող իրադարձությունների վերաբերյալ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Վրաստանի պաշտպանության նախարարը Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի ժամանակ (NATO-Georgia Commission)
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է 2016 թվականի հուլիսին Վարշավայում կայանալիք գագաթաժողովի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի նախագահ, բանակի գեներալ Պյոտր Պավելի հայտարարության մասին։
Նույն օրը գեներալ Պավելը, Եվրախորհրդարանում պատասխանելով պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամների՝ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ հարցին, նշել էր, որ Վրաստանը ռազմական չափանիշներով համապատասխանում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն։
«Չնայած որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունների գրեթե բոլոր գեներալները համաձայն են, որ Վրաստանի զինված ուժերը պատրաստ են անդամակցության, այնուամենայնիվ, քաղաքական որոշում է կայացվելու այս առումով։ Գաղտնիք չէ նաև, որ մեզ աջակցում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Վերջինս Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի (NATO-Georgia Commission) ժամանակ հայտնել էր, որ Վրաստանը պատրաստ է անդամակցությանը, և բարեփոխումները բարեհաջող են անցնում»,— հայտարարել է Խիդաշելին։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը անդամ պետությունների նախարարների հետ հանդիպումից հետո հրապարակել էր հետևյալը. «Ելույթի ժամանակ Ստոլտենբերգը ողջունել է Վրաստանի ձգտումը դեպի ՆԱՏՕ և շեշտել որոշակի բարեփոխումներ կատարելու անհրաժեշտությունը»։
2014 թվականի սեպտեմբերին Հյուսիսատլանտյան Դաշինքի՝ Ուելսի գագաթաժողովում Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթի (NATO-Georgia substantial package) շրջանակներում Վրաստանում օգոստոսին բացվեց համատեղ ուսումնական կենտրոն։ Այն ժամանակ նշվում էր, որ առաջիկայում նույնպես նոր կենտրոններ կբացվեն։
«Գիտեք, որ Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթն արագ տեմպերով է իրականացվում։ Այս տարվա վերջին կբացենք պաշտպանունակության բարձրացման դպրոց։ Իսկ հաջորդ տարի էլ Վրաստան կայցելեն ՆԱՏՕ-ի անդամ պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Այս ամենը ցույց է տալիս, որ Վրաստանը մեծ քայլերով գնում է դեպի իր նպատակը՝ ՆԱՏՕ-ն»,—հայտարարել է պաշտպանության նախարարը։
Վրաստանի պաշտպանության նախարարության նախարարը հույս է հայտնել նաև, որ Վարշավայում գագաթաժողովի ժամանակ Վրաստանը հույս ունի ոչ միայն գովեստի խոսքեր լսել, այլ նաև ստանալ համապատասխան կարգավիճակ, «կամ մենք ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլան կստանանք (MAP- Membership Action Plan ) և անդամակցության ճանապարհին կկանգնենք, կամ մեզ կասեն, որ մեզ այդ պլանը (MAP) պետք չէ և առանց դրա էլ մենք այդ ճանապարհին ենք»,—ասել է Խիդաշելին։
Հարցազրույցի ժամանակ Խիդաշելին խոսել է նաև հաջորդ տարի Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Դրիանի այցի մասին, նշելով, որ մինչ նրա այցը Վրաստան է գալու Ֆրանսիայի ՊՆ ուղարկած փորձագետների խումբը։ Այս խումբն օգնելու է վրաստանցի մասնագետներին պաշտպանունակության և ավիացիայի հարցերում։
Հավելենք, որ հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանում Խիդաշելիի հետ հանդիպմանը հայտնել էր, որ Ֆրանսիան կհոգա Վրաստանի օդային պաշտպանության մասին ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլանի շրջանակներում։
Հարկ է նշել, որ այս տարվա հունիսի 15-ին Փարիզի 51-րդ միջազգային ավիացուցահանդեսի ժամանակ Խիդաշելին ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems ընկերության հետ պայմանագիր է կնքել, հավանաբար, հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության համակարգերի ձեռքբերման վերաբերյալ։ Մոտ մեկ ամիս անց դարձյալ Ֆրանսիայում պաշտպանության նախարարը հրթիռներ արտադրողեվրոպական MBDA ընկերության հետ կնքել է ևս մեկ պայմանագիր։