Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են ցամաքային գրոհը երկրի արևմտյան հատվածում (վիդեո)

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Սիրիայի կառավարական բանակը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ հարձակվել է Սիրիայի արևմտյան Ղաբ հարթավայրում հաստատված ապստամբների վրա։  Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Սիրիայում Մարդու իրավունքների հարցերով դիտորդական խումբ» (Syrian Observatory for Human Rights) ՀԿ-ին։

Սիրիայի կառավարական ուժերի ԲՄ-21 «ԳՌԱԴ» ՀԿՌԿ

Սիրիայի կառավարական ուժերի ԲՄ-21 «ԳՌԱԴ» ՀԿՌԿ

ՀԿ-ի նախագահ Ռամի Աբդուլրահմանը հայտնել է նաև, որ ևս մեկ համատեղ գործողություն իրականացվել է երեկ՝ հոկտեմբերի 7-ին, Համա նահանգի մոտակայքում։ Աբդուլրահմանը հավելել է, որ չորեքշաբթի Սիրիայի կառավարական բանակի գործողությունը չի տվել սպասված արդյունքը, քանի որ կառավարական ուժերը տվել են 13 զոհ։ Ապստամբերի սպանվածների հաստատված թիվը 7-ն է, ինչը սակայն, միանշանակա ավելին է։

Համացանցում տարածվել է նաև տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է իսլամիստներին հաջողվում TOW հակատանկային հրթիռային համալիրից խոցել սիրիական բանակի տանկերից մեկը։

Նշենք, որ Ղաբ հարթավայրը եղել է ալավիների կենտրոնատեղին, սակայն հուլիսին անցել է ապստամբների՝ այդ թվում «Նուսրայի ճակատ» ահաբեկչական կազմակերպության զինյալների ձեռքը, ինչից հետո կառավարական ուժերը ստիպված լքել են հարթավայրը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է կետային ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ դիրքերին՝ օգտագործելով Սու-25 գրոհիչներ, Սու-24Մ, Սու-34 ռմբակոծիչներ, իսկ օդային աջակցությունն իրականացնում են Սու-30ՍՄ կործանիչները։

Երեկ՝ հոկտեմբերի 7-ի առավոտյան, Ռուսաստանի Կասպյան նավատորմիղի 4 նավ  թևավոր 26 հրթիռ է արձակել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին՝ 11 թիրախի ուղղությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *