Թինաթին Խիդաշելի.«Վրաստանը Լեհաստանի հետ կստորագրի գաղտնի տեղեկության փոխանակման փաստաթուղթ»

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին վստահ է, որ Վրաստանը վաղուց արժանի է ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն։ Սակայն այդ որոշումը կայացնելու են անդամ 28 երկրները։ Այս մասին վերջինս հոկտեմբերի 6-ին մինչև Բրյուսել մեկնելն ասել է վրաստանյան «Կավկասիա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում։

Վրաստանի և Լեհաստանի պաշտպանության նախարարները։ Նկարը՝ Վրաստանի ՊՆ-ի 09.09.2015թ

Վրաստանի և Լեհաստանի պաշտպանության նախարարները։ Նկարը՝ Վրաստանի ՊՆ-ի 09.09.2015թ

«Իմ գլխավոր նպատակն է ՆԱՏՕ-ին անդամակցելը։ Մենք պարտավոր ենք համոզել ՆԱՏՕ-ի անդամներին, որ Վրաստանն անցել է ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլանի ճանապարհը (MAP- Membership Action Plan )։ Չէ՞-որ Վրաստանն այն միակ երկիրն է, որ իրականացրել է Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթը (NATO-Georgia substantial package)»,—հայտարարել է Խիդաշելին։

Հարցազրույցի ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև Բրյուսելում հոկտեմբերի 8-ին կայանալիք մինիստերիալին՝ նշելով, որ ի տարբերություն նախորդի (24-26 հունիսի), այս անգամ նախատեսված է 28+1 ձևաչափով հանդիպում։

«Ես հնարավորություն կունենամ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունների նախարարների առջև ներկայացնել Վարշավայի գագաթաժողովից (2016թ. հուլիս) և դեկտեմբերյան մինիստերիալից (2015թ. դեկտեմբեր) Վրաստանի ակնկալիքները, ինչպես նաև կխոսեմ Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթի իրականացման ճանապարհին առաջացած խնդիրներից, խոչընդոտներից, հաջողություններից»— հայտարարել է Թինաթին Խիդաշելին։

Նույն հարցազրույցում հայտնի է դառնում նաև, որ Բրյուսելում Խիդաշելին հանդիպելու է Ֆրանսիայի, Անգլիայի, Լեհաստանի պաշտպանության նախարարներին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։

«Հոկտեմբերի 7-ին Լեհաստանի պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակի հետ մենք գաղտնի տեղեկության փոխանակման վերաբերյալ փաստաթուղթ կստորագրենք։ Այն կօգնի հաջողությամբ իրականացնել Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության փաթեթի կետերը։ Մինչ այժմ փաթեթի շրջանակներում տարատեսակ ծրագրեր իրականացնելու համար մենք տեխնիկական խոչընդոտներ ունեինք»,— մասնավորեցրել է Խիդաշելին։

Ինչպես այսօր՝ հոկտեմբերի 7-ին երեկոյան, հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Բրյուսելում Ստոլտենբերգն ու վրաստանյան պատվիրակությունն (պաշտպանության և արտգործնախարարների մասնակցությամբ) արդեն հանդիպել են։

One response to “Թինաթին Խիդաշելի.«Վրաստանը Լեհաստանի հետ կստորագրի գաղտնի տեղեկության փոխանակման փաստաթուղթ»

  1. Pingback: Վրաստանի պաշտպանության նախարարը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *