ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբը մանրամասներ է ներկայացրել Կասպից ծովից Սիրիայի հրթիռակոծման վերաբերյալ

ՌԴ Զինված ուժերի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Սիրիայում ծավալվող գործողությունների՝ ՊՆ-ում տեղակայված տեղեկատվական օպերատիվ շտաբում որոշ մանրամասներ է հայտնել լրատվամիջոցներին՝ կապված վաղ Առավոտյան Կասպյան նավատորմիղի նավերից թևավոր հրթիռներով ԻՊ դիրքերի խոցման գործողության հետ։

ՌԴ ԶՈւ գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլով

ՌԴ ԶՈւ գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլով

Կարտապալովը հայտնել է, որ հոկտեմբերի 5-ին և 6-ին ՌԴ հետախուզությունը Սիրիայի տարածքում հայտնաբերել է զինյալներին պատկանող և անհապաղ ոչնչացման ենթակա մի շարք կարևոր օբյեկտներ։ «ՌԴ-ն գործընկերների հետ (հավանաբար, նկատի ունի Իրանն ու Իրաքը, որոնց օդային տարածքով էլ անցել էին հրթիռները-Ռազմինֆո) նախապես համաձայնեցրել էր Կասպից ծովի հարավարևմտյան մասից Սիրիայում գտնվող զինյալներին «Կալիբր» (ռուս.՝ Калибр) թևավոր հրթիռներով հասցված հարվածները» ” նշել է վարչության պետը։

Կարտապոլովը հայտնել է նաև, որ խաղաղ բնակչության անվտանգության նպատակով հրթիռների թռիչքուղին անցկացված է եղել չբնակեցված տարածքներով։ Հարվածներ են հասցվել զինյալների ղեկավարման, կապի և նշանառության կետերին՝ Ռաքքայի, Իդլիբի և Հալեպի նահանգներում։

Որպես թիրախ ընտրված են եղել զինյալների պատրաստման ճամբարները, սպառազինության և պայթուցիկ նյութերի արտադրության գործարաններն ու զինամթերքի և վառելիքա-քսուքային նյութերի պահեստները։ Արդյունքում, բոլոր ծրագրված թիրախները ոչնչացվել են։

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Անդրեյ Կարտապոլովը հայտնել է նաև, որ խոցման ենթակա բոլոր օբյեկտները հանգամանորեն ուսումնասիրվում են։ Օգտագործվում են տիեզերական և ռադիոէլեկտրոնային հետախուզության տվյալները, անօդաչու թռչող սարքերից արված նկարահանումները, ինպես նաև Սիրիայի, Իրանի և Իրաքի հետախուզության և հետախուզական ցանցերից ստացված տեղեկությունները։

Զինված ուժերի գլխավոր օպերատիվ վարչության պետը հայտնել է նաև, թե Ռուսաստաանն իր գործընկերներին (նկատի ունի ԱՄՆ-ն-Ռազմինֆո) առաջարկել է փոխանակվել «Իսլամական պետության» օբյեկտների կոորդինատներով, սակայն այս առաջարկն առայժմ անպատասխան է մնացել, ինչը Կարտապոլովը մեկնաբաել է, որ կամ նրանք չունեն այդ կոորդինատները, կամ էլ որոշ պատճառներից ելնելով չեն ցանկանում, որ Ռուսաստանը հարվածի ԻՊ-ին։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի նավերից թևավոր 26 հրթիռ է արձակել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին՝ 11 թիրախի ուղղությամբ։ Թևավոր հրթիռները մինչև նշանակետին հասնելը անցել են Իրանի և Իրաքի օդային սահմաններով՝ հատելով 1500 կմ հեռավորություն։

One response to “ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբը մանրամասներ է ներկայացրել Կասպից ծովից Սիրիայի հրթիռակոծման վերաբերյալ

  1. Pingback: Ամփոփվել են Ռուսաստանի հակաահաբեկչական գործողությունները Սիրիայում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *