Վրաստանի պաշտպանության նախարարը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Հոկտեմբերի 7-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին և նրա տեղակալ Ալեքսանդր Վերշբոուին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանի արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլին։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Վրաստանի պաշտպանության նախարարը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Վրաստանի պաշտպանության նախարարը

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հանդիպման գլխավոր թեման ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հեռանկարների հարցն է եղել, ինչպես նաև 2016 թվականի հուլիսին կայանալիք Վարշավայի գագաթաժողովում Վրաստանի ակնկալիքները, Վրաստանին տրված համագործակցության փաթեթի իրականացման ընթացքը։
«Ստոլտենբերգը նշել է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա և այդ առումով իր աջակցությունն է հայտնել»,—նշվում է հաղորդագրությունում։

Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Խիդաշելին հայտարարել է, թե դեկտեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի մինիստերիալը (պաշտպանության և արտգործնախարարների համաժողով) մեծ հավանականությամբ ևս մեկ քայլ կլինի ՆԱՏՕ-ի ընդլայնման համար։

«Այն փաստը, որ մենք ակտիվ կապ ունենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Վրաստանի հետ աշխատող այլ մարդկանց հետ, ինքնին հույս են ներշնչում Վրաստանի ինտեգրման հարցում։ Հոկտեմբերին Վրաստանում անցկացվելիք անվտանգության համաժողովին (Georgia Defence and Security Conference, — GDSC) որկազմակերպում է պաշտպանության նախարարությունը, ներկա կլինի նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։

Նույն օրը Խիդաշելին հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչ դեսպանների հետ, որը կազմակերպել էր ՆԱՏՕ-ում Ռումինիայի դեսպան Ստելիան Ստոյան։ Խիդաշելին հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի նախագահ Պյոտր Պավելի հետ։

Հավելենք, որ ըստ վրաստանյան կողմի տվյալների, Թինաթին Խիդաշելին Բրյուսել այցի շրջանակներում հանդիպելու է Լեհաստանի պաշտպանության նախարարին և ստորագրելու է գաղտնի տեղեկության փոխանակման փաստաթուղթ։

Հիշեցնենք, որ Վրաստանի պաշտպանության նախարարը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության և արտգործնախարարների համաժողովին 28+1 ձևաչափով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *