[Թարմացված] Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը այլոց համակարգիչներին հետևելու հաքերային ծրագիր է օգտագործում

2013թ. Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը իտալական Hacking Team հաքերային գործիքներ արտադրող ընկերությունից գնել է համակարգիչները գաղտնի հեռակառավարելու բարդ ծրագիր, որով կարող էր հետևել ոչինչ չկասկածող մարդկանց համակարգիչներին, ինչպես նաև դրանց միկրոֆոնների ու տեսախցիկների միջոցով՝ հենց օգտվողներին: Բացի այդ, ծրագրի՝ Android օպերացիոն համակարգի համար նախատեսված տարբերակը կարողանում է գաղտնալսել և ձայնագրել հեռախոսի տիրոջ խոսակցությունները:

[Հավելում. 20:45, 9 հուլիսի, 2015թ. ] Hacking Team ընկերության փաստաթղթերի լրացուցիչ ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ Ադրբեջանում իր հաճախորդը ոչ թե այդ երկրի պաշտպանության նախարարությունն է, այլ ազգային անվտանգության նախարարությունը։ Բացի այդ լրացուցիչ հետաքրքիր տեղեկություններ հայտնի դարձան։ Ըստ այդմ Ռազմինֆոն շուտով կհրապարակի թարմացված ու ճշտված տվյալներով նոր հոդված։

Այս մասին տեղեկացնում է շվեդական OCCRP հետաքննող լրագրողների կազմակերպությունը, որը վերջերս նաև մի քանի աղմկահարույց բացահայտում էր արել Ալիևի ընտանիքի ունեցվածքի և հարյուրավոր միլիոնավոր դոլարների անօրինական գործարքների մասին:

OCCRP կազմակերպության գտած փաստաթուղթը, որից երևում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն եղել է Hacking Team ընկերության պատվիրատուներից

OCCRP կազմակերպության գտած փաստաթուղթը, որից երևում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն եղել է Hacking Team ընկերության պատվիրատուներից

Ադրբեջանի պաշտպանության նախարարության և իտալական ընկերության գործարքը հայտնի է դարձել, երբ մեկ այլ հաքերային կազմակերպություն կոտրել և համացանցում հրապարակել է Hacking Team-ի 400ԳԲ ընդհանուր ծավալով ներքին փաստաթղթերն ու ծրագրերը, ինչը մեծ աղմուկ է առաջացրել ամբողջ աշխարհում՝ ցանցային անվտանգության հետ կապված: Հատկանշական է, որ Hacking Team-ը պաշտոնապես չի արձագանքել այդ աղմուկին:

Համացանցում հայտնված տեղեկությունների համաձայն՝ 2013 թվականին Ադրբեջանի ՊՆ-ն Միացյալ Նահանգներում գրանցված Horizon Global Group միջնորդ ընկերության միջոցով Hacking Team ընկերությունից 320 հազար եվրոյով գնել է Remote Control System (Հեռակառավարման համակարգ) ծրագիր: Ադրբեջանական կողմը գումարները փոխանցել է 2013թ. մարտի 10-ին (130 հազար եվրո) և մայիսի 30-ին (190 հազար եվրո):

Հետագայում ծրագրի սպասարկման համար 2014 և 2015 թվականներին վճարել է 16 հազարական եվրո: Ընդ որում՝ Hacking Team-ի փաստաթղթերում Ադրբեջանը ներկայացված է որպես ակտիվ պատվիրատու, և գործարքի վերջին թարմացումը եղել է 2015թ. հունիսի 30-ին, ինչից հետևում է, որ ադրբեջանցիները շարունակում են օգտագործել ծրագիրը:

Hacking Team կազմակերպության՝ համացանցում հրապարակած փաստաթղթերից Ռազմինֆոն հայտնաբերել է, որ կազմակերպության անդամներ Ալեսանդրո Սկարաֆիլեն (Alessandro Scarafile) և Դանիելե Միլանը (Daniele Milan) 2013-ին մայիսի 14–19-ը այցելել են Ադրբեջան:

Ավելին՝ փաստաթղթերը համեմատելիս Ռազմինֆոն գտավ Hacking Team ընկերության և Horizon Global Group միջնորդ ընկերության դրամական փոխանցումների ֆայլերը, որոնցից հայտնի է դառնում, որ իտալացիները 2013թ. մարտի 19-ին 130 հազար եվրո և մայիսի 30-ին 190 հազար եվրո գումար է ստացել միջնորդից: Այս ամսաթվերն ու գումարի չափերը գրեթե նույնությամբ համընկնում են ադրբեջանական պաշտպանության նախարարության հետ կնքված գործարքի ամսաթվերի և փոխանցված գումարի չափերի հետ (9 օրվա տարբերություն կա միայն առաջին փոխանցման ժամանակ, գումարների չափերը ճշգրիտ համընկնում են շվեդ լրագրողների հրապարակածներին): Սա փաստացի ապացույց է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կիրառում է հաքերային ծրագիր՝ մարդկանց համակարգիչներին հետևելու համար:

Hacking Team ընկերության 2013թ. մարտի 19-ին միջնորդից 130 հազար եվրո ստանալու հաշիվ-ֆակտուրան: Ցանցում է հայտնվել այն բանից հետո, երբ մեկ այլ հաքերային կազմակերպություն կոտրել է Hacking Team-ի փաստաթղթերի բազաները:

Hacking Team ընկերության 2013թ. մարտի 19-ին միջնորդից 130 հազար եվրո ստանալու հաշիվ-ֆակտուրան: Ցանցում է հայտնվել այն բանից հետո, երբ մեկ այլ հաքերային կազմակերպություն կոտրել է Hacking Team-ի փաստաթղթերի բազաները:

Hacking Team ընկերության՝ 2013թ. մայիսի 30-ին միջնորդից 190 հազար եվրո ստանալու հաշիվ-ֆակտուրան: Ցանցում է հայտնվել այն բանից հետո, երբ մեկ այլ հաքերային կազմակերպություն կոտրել է Hacking Team-ի փաստաթղթերի բազաները:

Hacking Team ընկերության՝ 2013թ. մայիսի 30-ին միջնորդից 190 հազար եվրո ստանալու հաշիվ-ֆակտուրան: Ցանցում է հայտնվել այն բանից հետո, երբ մեկ այլ հաքերային կազմակերպություն կոտրել է Hacking Team-ի փաստաթղթերի բազաները:

Տրամաբանական հարց է առաջանում, թե ում են փորձել գաղտնալսել այդ ծրագրի միջոցով Ադրբեջանի զինվորականները։ Կարծում ենք՝ դավադրապաշտություն չի լինի ենթադրելը, որ ադրբեջանական հետախուզության առաջնային թիրախներից մեկը հայկական զինվորականներն են և ընդհանրապես ուժային կառույցների աշխատակիցները:

[հավելում] Հրապարակված փաստաթղթերից նաև պարզ է դարձել, որ հակավիրուսային ծրագրերի մեծ մասը չեն կարողանում հայտնաբերել ու արգելափակել Hacking Team-ի վնասակար ծրագրերը։

One response to “[Թարմացված] Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը այլոց համակարգիչներին հետևելու հաքերային ծրագիր է օգտագործում

  1. Pingback: Armday – Ադրբեջանի ՊՆ-ն այլոց համակարգիչներին հետևելու հաքերային ծրագիր է օգտագործում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *