2013թ. Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը իտալական Hacking Team հաքերային գործիքներ արտադրող ընկերությունից գնել է համակարգիչները գաղտնի հեռակառավարելու բարդ ծրագիր, որով կարող էր հետևել ոչինչ չկասկածող մարդկանց համակարգիչներին, ինչպես նաև դրանց միկրոֆոնների ու տեսախցիկների միջոցով՝ հենց օգտվողներին: Բացի այդ, ծրագրի՝ Android օպերացիոն համակարգի համար նախատեսված տարբերակը կարողանում է գաղտնալսել և ձայնագրել հեռախոսի տիրոջ խոսակցությունները:
Այս մասին տեղեկացնում է շվեդական OCCRP հետաքննող լրագրողների կազմակերպությունը, որը վերջերս նաև մի քանի աղմկահարույց բացահայտում էր արել Ալիևի ընտանիքի ունեցվածքի և հարյուրավոր միլիոնավոր դոլարների անօրինական գործարքների մասին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության և իտալական ընկերության գործարքը հայտնի է դարձել, երբ մեկ այլ հաքերային կազմակերպություն կոտրել և համացանցում հրապարակել է Hacking Team-ի 400ԳԲ ընդհանուր ծավալով ներքին փաստաթղթերն ու ծրագրերը, ինչը մեծ աղմուկ է առաջացրել ամբողջ աշխարհում՝ ցանցային անվտանգության հետ կապված: Հատկանշական է, որ Hacking Team-ը պաշտոնապես չի արձագանքել այդ աղմուկին:
Համացանցում հայտնված տեղեկությունների համաձայն՝ 2013 թվականին Ադրբեջանի ՊՆ-ն Միացյալ Նահանգներում գրանցված Horizon Global Group միջնորդ ընկերության միջոցով Hacking Team ընկերությունից 320 հազար եվրոյով գնել է Remote Control System (Հեռակառավարման համակարգ) ծրագիր: Ադրբեջանական կողմը գումարները փոխանցել է 2013թ. մարտի 10-ին (130 հազար եվրո) և մայիսի 30-ին (190 հազար եվրո):
Հետագայում ծրագրի սպասարկման համար 2014 և 2015 թվականներին վճարել է 16 հազարական եվրո: Ընդ որում՝ Hacking Team-ի փաստաթղթերում Ադրբեջանը ներկայացված է որպես ակտիվ պատվիրատու, և գործարքի վերջին թարմացումը եղել է 2015թ. հունիսի 30-ին, ինչից հետևում է, որ ադրբեջանցիները շարունակում են օգտագործել ծրագիրը:
Hacking Team կազմակերպության՝ համացանցում հրապարակած փաստաթղթերից Ռազմինֆոն հայտնաբերել է, որ կազմակերպության անդամներ Ալեսանդրո Սկարաֆիլեն (Alessandro Scarafile) և Դանիելե Միլանը (Daniele Milan) 2013-ին մայիսի 14–19-ը այցելել են Ադրբեջան:
Ավելին՝ փաստաթղթերը համեմատելիս Ռազմինֆոն գտավ Hacking Team ընկերության և Horizon Global Group միջնորդ ընկերության դրամական փոխանցումների ֆայլերը, որոնցից հայտնի է դառնում, որ իտալացիները 2013թ. մարտի 19-ին 130 հազար եվրո և մայիսի 30-ին 190 հազար եվրո գումար է ստացել միջնորդից: Այս ամսաթվերն ու գումարի չափերը գրեթե նույնությամբ համընկնում են ադրբեջանական պաշտպանության նախարարության հետ կնքված գործարքի ամսաթվերի և փոխանցված գումարի չափերի հետ (9 օրվա տարբերություն կա միայն առաջին փոխանցման ժամանակ, գումարների չափերը ճշգրիտ համընկնում են շվեդ լրագրողների հրապարակածներին): Սա փաստացի ապացույց է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կիրառում է հաքերային ծրագիր՝ մարդկանց համակարգիչներին հետևելու համար:
Տրամաբանական հարց է առաջանում, թե ում են փորձել գաղտնալսել այդ ծրագրի միջոցով Ադրբեջանի զինվորականները։ Կարծում ենք՝ դավադրապաշտություն չի լինի ենթադրելը, որ ադրբեջանական հետախուզության առաջնային թիրախներից մեկը հայկական զինվորականներն են և ընդհանրապես ուժային կառույցների աշխատակիցները:
[հավելում] Հրապարակված փաստաթղթերից նաև պարզ է դարձել, որ հակավիրուսային ծրագրերի մեծ մասը չեն կարողանում հայտնաբերել ու արգելափակել Hacking Team-ի վնասակար ծրագրերը։
Pingback: Armday – Ադրբեջանի ՊՆ-ն այլոց համակարգիչներին հետևելու հաքերային ծրագիր է օգտագործում