Ռուսաստանյան կողմը հայտարարում է Թուրքիայի հետ ՀՕՊ համալիրի համատեղ ստեղծման մասին

Մայիսի 5-8-ը Թուրքիայում անցկացված IDEF-2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ՌԴ պետական «Ռոսօբորոնէկսպորտ» կոնցերնի պատվիրակության ղեկավար Անատոլի Ակսյոնովը հայտնել է, որ կոնցերնը թուրքական ընկերություններից մեկի հետ փորձարկել է համատեղ արտադրության փոքր հեռահարության ՀՕՊ համալիրը։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Ռուսաստանյան արտադրության «Լուչնիկ-Է» փոքր հեռահարության ԶՀՀ

Ռուսաստանյան արտադրության «Լուչնիկ-Է» փոքր հեռահարության ԶՀՀ

«Ռոսօբորոնէկսպորտի» ներկայացուցիչը նշել է, որ համակարգի փորձարկումը հաջող է անցել՝ ավելացնելով, որ այն կառուցված է ռուսաստանյան արտադրության փոքր հեռահարության ՀՕՊ համալիրը՝ թուրքական արտադրության մարտական պլատֆորմի վրա տեղադրման միջոցով։ Նոր համալիրի ռուսաստանյան անվանումը «Իգլա» է, իսկ թուրքական անվանումը դեռևս չի հրապարակվում։

Ակսյոնովը նաև հայտնել է, որ եթե Թուրքիան առաջարկի համալիրը սպառազինել թուրքական արտադրության հրթիռներով, դա ևս ոչ մի խնդիր չի առաջացնի, քանի որ այդ հարցն իրականում թուրքական կողմի իրավասությունն է։ Նա նաև հավելել է, որ Թուրքիան առաջարկել է երկրի ԶՈւ ռազմանավերի վրա տեղադրել ռուսաստանյան արտադրության ռազմական համակարգեր։

Նշենք, որ թուրքական ոչ մի ընկերություն դեռևս այս համակարգի կապակցությամբ որևէ հայտարարություն չի արել։

Հավելենք նաև, որ 2014-ին Ռուսաստանում անցկացված «Օբորոնեքսպո-2014» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել էր ռուսաստանյան արտադրության փոքր հեռահարության «Լուչնիկ-Է» զենիթահրթիռային համալիրը, որը ևս արտադրվել է «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային համալիրի հիման վրա՝ վերջինիս ինքնակառավարվող հրթիռների կիրառմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *