Թուրքիան և Հս. Կիպրոսը անցկացնելու են համատեղ զորավարժություններ

Թուրքիան և այսպես կոչված «Հյս. Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» մայիսի 20-29-ը հատուկ նշանակության ուժերի և բնական աղետների ժամանակ որոնողափրկարարական գործողությունների իրականացման համատեղ զորավարժություններ կանցկացնեն Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի տարածքում։ Այս մասին մայիսի 15-ին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատ

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատ

Նշվում է, որ զորավարժությունների նպատակը Թուրքիայի և Հս. Կիպրոսի չճանաչված թուրքական հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների և որոնողափրկարարական խմբերի միջև փորձի փոխանակումը, համագործակցության և համատեղ ռազմական գործողությունների իրականացման կատարելագործումն է։

Համատեղ անցկացվելիք զորավարժություններին յուրաքանչյուր կողմից մասնակցելու են մեկական հատուկ նշանակության խումբ և որոնողափրկարարական թիմ։

Հիշեցնենք, որ 2014-ի ապրիլի 28-ից մայիսի 29-ը Թուրքիան նմանատիպ զորավարժություն էր անցկացրել Կիպրոսի հյուսիսային բռնազավթված տարածքում՝ հատուկ նշանակության և որոնողափրկարարական ստորաբաժանումների մասնակցությամբ։

Նշենք, որ Թուրքիան 1974 թվականից բռնազավթել է Կիպրոսի հյուսիսային հատվածը, որը ստացել է «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» (ՀԿԹՀ) անվանումը։ Այն ճանաչված է միայն Անկարայի կողմից։ Ներկայում Թուրքիան Կիպրոսի հյուսիսում պահում է մեծաքանակ զինված ուժեր, որոնք թեև պայմանականորեն պատկանում են ՀԿԹՀ-ին, սակայն իրականում հենց Թուրքիայի զինված ուժերի մի մասն են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *