Ռուսաստանը և Կիպրոսը ռազմատեխնիկական համագործակցության հուշագիր են ստորագրել

Փետրվարի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիպրոսի հետ այդ երկրի ռազմածովային նավահանգիստներում ռուսաստանյան նավերի կայանման մասին հուշագիր է ստորագրվել՝ ավելացնելով, որ Կիպրոսի նավահանգիստներ մտնելու իրավունք կստանան հիմնականում Ռուսաստանի ԶՈւ՝ ահաբեկչության, միջազգային ծովահենության դեմ պայքարի և նման առաջադրանքների համար նախատեսված ռազմանավերը։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը

Կիպրոսի նավահանգիստներում ռուսաստանյան ռազմանավերի ազատ մուտքն ապահովելու մասին որոշումն ամրագրվել է ռուս-կիպրոսյան ռազմատեխնիկական համագործակցության հուշագրում, որը երկու երկրների նախագահների ներկայությամբ նույն օրը ստորագրել են Ռուսաստանի և Կիպրոսի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Իոաննիս Կասուլիդիսը։

Կիպրոսի նախագահը նշել է, որ հուշագրի համաձայն՝ Ռուսաստանի ռազմանավերը Կիպրոսի նավահանգիստներ կարող են մտնել միայն հակաահաբեկչական գործողությունների նկատառումներից ելնելով։ Իսկ Վլադիմիր Պուտինն ավելացրել է, որ այդ հուշագիրն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ և չպետք է անհանգստացնի որևէ մեկին։

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին, ռուսաստանյան նույն լրատվական գործակալության տարծած տեղեկության համաձայն, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել էր, որ 2015-ի փետրվարի 25-ին Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում ՌԴ պաշտոնակցի հետ ստորագրելու է մի շարք պայմանագրեր՝ այդ թվում նաև ռազմական համագործակցության նոր պայմանագիր, որի համաձայն Ռուսաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերը հնարավորություն կստանան օգտագործել Կիպրոսի հարավարևմտյան Պաֆոս քաղաքի «Անդրեաս Պապանդրեու» ավիաբազան։

Սակայն Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասսուլիդեսը հերքել էր ՌԴ-ին ռազմաբազա տրամադրելու մասին տեղեկությունը։ Նախարարը հայտարարել էր, որ նախագահ Անաստասիադիսը, ասելով, որ ցանկանում է թարմացնել երկու երկրների միջև կնքված ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը,  իրականում ի նկատի է ունեցել թարմացնել 2014-ին Ռուսաստանի ու Կիպրոսի կնքած պայմանագիրն ու այդ պայմանագրի շրջանակներում հավելյալ ռազմական արտադրանք ձեռք բերել Ռուսաստանից:

Նշենք, որ 2015-ի փետրվարի 25-ին Կիպրոսի նախագահի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահը հավելել է, որ Կիպրոսի նախագահի հետ էներգետիկայի ոլորտում համագործակցելու պայմանավորվածություն ևս ձեռք է բերվել՝ նշելով, որ դա առավելապես վերաբերում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում ռուսաստանյան ներդրողների ներկայացվածությամբ։

Բացի ռազմատեխնիկական համագործակցության հուշագրից, կողմերը ստորագրել են նաև մի շարք այլ հուշագրեր, որոնցով ամրագրվել են երկու երկրների հարաբերությունները և ապագա համագործակցության ծրագրերը՝ այդ թվում ահաբեկչության դեմ պայքարում համատեղ քայլերի իրականացում, գիտական համագործակցություն, 2015-2017 թվականների համագործակցության համատեղ ծրագիր։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հանդիպման ժամանակ քննարկել են նաև Կիպրոսի հիմնախնդիրը։ Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ այս խնդիրը պետք է լուծվի երկրի ներսում՝ երկու համայնքների համաձայնությամբ, և դրսից ոչ-մի երկիր չպետք է խառնվի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *