Իրաքը ՌԴ-ից ստացել է Մի-35Մ ուղղաթիռների երրորդ խմբաքանակը

Իրաքի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 27-ին պաշտոնապես հաստատել է, որ ՌԴ-ից ստացել է Մի-35Մ բեռնատար ուղղաթիռների երրորդ խմբաքանակը։

Իրաքի՝ ՌԴ-ից ստացած Մի-35Մ ուղղաթիռը

Իրաքի՝ ՌԴ-ից ստացած Մի-35Մ ուղղաթիռը

Ինչպես տեղեկացնում է BMPD ռուսաստանյան ռազմական բլոգը, ստացված ուղղաթիռների հստակ քանակը չի նշվում, սակայն կարելի է ենթադրել, որ խոսքը 4 միավորի մասին է։

Դեռևս «Ռոսվերտոլի» 2013-ի տարեկան հաշվետվությունում նշված էր՝ արտասահմանյան պատվիրատուներից մեկին տրամադրվելու են 28 միավոր Մի-35Մ և 15 միավոր Մի-28ՆԷ ուղղաթիռներ, իսկ Իրաքը Մի-28-երի առաջին արտասահմանյան պատվիրատուն է։

Հավելենք, որ համաձայն 2012-2013-ին կնքված պայմանագրերի՝ առաջին 4 միավոր Մի-35Մ-ն Իրաքը ստացավ 2013-ի նոյեմբերին, երկրորդ խմբաքանակը՝ 2014-ի օգոստոսին։ Ընդ որում, 2014-ի ամռան սկզբին արդեն Իրաքի կառավարությունը կիրառեց այս 4 ուղղաթիռներն իսլամիստների դեմ պայքարում։ Դրանցից առնվազն մեկ միավորը ոչնչացվել է։

Մի-35Մ ուղղաթիռը  Մի-24 ուղղաթիռի արդիականացումներից մեկն է։ 35Մ ինդեքսն իրականում տրվել է գովազդային նպատակներով. ուղղաթիռի «ոչ գովազդային» ինդեքսը 24ՎՄ է։

Բազային ուղղաթիռի համեմատ նորացվել են ռադիոէլեկտրոնային սարքավորումները, բարելավվել է մանևրունակությունը և որոշ չափով  ընդլայնվել են ուղղաթիռի կրակային հնարավորությունները։

Բացի այդ, Մի-35Մ-ը ստացել է Մի-28-ի ղեկային պտուտակներ, իսկ շասսին թռիչքի ընթացքում չի հեռացվում։ Անձնակազմը 2 կամ 3 հոգի է, կարող է տեղափոխել 8 հոգու, բեռնատարողությունը՝ 2400 կգ, երկարությունը՝ 17.49 մ, բարձրությունը՝ 4.16 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 11 500 կգ, առավելագույն արագությունը՝  300 կմ/ժ, թռիչքի հեռավորությունը՝ 450 կմ, թռիչքի առաստաղը՝ 5100 մ, կարող է կրել հակատանկային ու կառավարվող հրթիռներ։

Շահագործող երկրներից են Ռուսաստանը, Վենեսուելան, Բրազիլիան, ինչպես նաև Ադրբեջանը։ ՌԴ-ն ավարտել է վերջինիս Մի-35Մ-երի տրամադրման գործընթացը 2014-ի հունվարի 21-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *