20 տարվա ընդմիջումից հետո ՌԴ զինված ուժեր կզորակոչվեն նաև Չեչնիայից

Հոկտեմբերի 1-ից 17-ը Չեչնիայի Հանրապետությունում 20 տարվա դադարից հետո կսկսեն գործել աշնանային զորակոչի համար զորակոչային հանձնաժողովներ։ Այս տարի նախատեսվում է Չեչնիայից զորակոչել 500 երիտասարդի, որոնց առաջին խումբը զորքեր կտեղափոխվի արդեն հոկտեմբերին։

ՌԴ ԶՈւ զինծառայողներ

ՌԴ ԶՈւ զինծառայողներ
Նկարը՝ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությանը։

Նշվում է, որ զորակոչիկների մասնագիտական պատրաստությունը բավական բարձր է։ Նրանց ընդհանուր թվի 35 տոկոսը բարձրագույնավարտ է, 24 տոկոսը միջին որակավորում ունի, իսկ մի մասը՝ C կարգի վարորդական իրավունք։

Տեղեկացնենք, որ Չեչնիայից վերջին ամբողջական զորակոչն իրականացվել է 1990-ական թվականներին, իսկ այնտեղ ռազմական գործողությունների սկսելուց հետո որոշում ընդունվեց այն ամբողջապես դադարեցնել։ Այժմ չեչենները ծառայություն են անցնում ՌԴ ներքին գործերի նախարարության ստորաբաժանումներում։

Իսկ ահա այս տարվա օգոստոսին Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը դժգոհություն հայտնեց, որ Չեչնիայից ՌԴ զինված ուժեր զորակոչ չի իրականացվում։

«Չեչենները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են և ոչ ոք իրավունք չունի նրանց զրկել հայրենիքը պաշտպանելու իրավունքից»,- ասել էր Կադիրովը։
Քննարկելով հարցը՝սեպտեմբերի 19-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն որոշում ընդունեց, ըստ որի՝ այսուհետ բանակ կզորակոչվեն նաև Չեչնիայից։

Հավելենք, որ ՌԴ-ն իր բանակը համալրում է խառը սկզբունքում, այսինքն՝ ինչպես պարտադիր զորակոչով, այնպես էլ պայմանագրային հիմունքներով։ Պարտադիր զինվորական ծառայությունը 1 տարի է, զորակոչվում են 18-27 տարեկան երիտասարդները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *