Ադրբեջանում սպանված զինծառայողի հոր խոսքերով՝ քննիչն ահաբեկում է վկաներին

2013-ի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանում առաջնագծում պաշտոնական վարկածով քնած ժամանակ սրտի անբավարարությունից մահացել էր Ադրբեջանի ԶՈւ 19-ամյա զինծառայող Օրհան Ալիևը։ Մինչ օրս Ադրբեջանում զինծառայողի մահվան գործով դատավարություն չի սկսվել։

Ադրբեջանցի սպանված զինծառայող Օրհան Ալիևի ծնողները

Ադրբեջանցի սպանված զինծառայող Օրհան Ալիևի ծնողները

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, հղում տալով Օրհանի հոր՝ Շիրազի Ալիևի խոսքերին, 2014-ի մայիսի 20-ին իրենք իմացել էին, որ Ադրբեջանի Տերտերի շրջանի զինվորական դատախազությունը մայիսի սկզբին փակել է զինծառայողի մահվան հարցով քրեական գործը՝ առանց ընտանիքի անդամներին տեղեկացնելու և համապատասխան փաստաթղթեր տրամադրելու։ Գործն ուղարկվել էր զինդատախազություն օգոստոսին։

Ալիևը հավաստիացնում է, որ գլխավոր դատախազը գործի շրջանակներում հանձնարարել էր անցկացնել նաև ծնողների հարցաքննություն, սակայն մինչ օրս նման բան չի իրականացվել։ Բացի այդ, Ալիրևը լրագրողներին պատմել է, թե քննիչն ահաբեկել է վկաներին՝ ստիպելով մտացածին ցուցմունքներ տալ։ Խնդիրն այն է՝ երբ իր որդին մահացել է, հեռախոսով խոսելիս է եղել, սպաներից մեկը նրան նկատողություն է արել, ապա զինծառայողն անջատել է բջջային հեռախոսը, րոպեներ անց՝ սպանվել։ Հոր խոսքերով՝ եթե հետաքննությունը պատշաճ կերպով իրականացվի, հարլադրված կլինեն պատասխան տալ տվյալ զորամասի սպաներն ու բարձրաստիճան զինվորականները, իսկ դա զինդատախազության շահերից չի բխում։

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 30-ին բժշկական փորձաքննության և հեռախոսազանգերի հիման վրա արձանագրված փաստերով Շիրազի Ալիևը հերթական ասուլիսն էր տվել՝ շեշտելով, որ զինծառայողի մահվան իրական պատճառը ծառայակիցների կողմից ծեծի ենթարկվելն է, իսկ դիակի վերքերի հետքերը չեզոքացնելու համար սառույց են օգտագործել, երբ տեղափոխել են Տերտերի շրջան բժշկական փորձաքննության։ Ավելին, Ալիևի հավաստիացմամբ՝ իր որդու ներքին օրգանները հանել են վաճառելու նպատակով, իսկ սպանվածի հարազատներին թույլ չեն տվել ներկա լինել փորձաքննությանը։

«Քնի մեջ մահը սրտի անբավարարությունից անհնար է, քանի որ մահվանից երկու օր առաջ Օրհանը հիվանդանոցներից մեկում բուժզննում էր անցել, նա լիովին առողջ էր։ Նա ֆիզիկապես պատրաստված էր, իր գնդում առաջին տեղն էր զբաղեցրել վազքի մրցումներում»,-նշել է զինծառայողի հայրը։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ռազմական դատախազության տվյալներով՝ Օրհան Ալիևը մահացել է դեկտեմբերի 11-ին ժամը 00։10-ին, մինչդեռ հայրն ասուլիսի ժամանակ ներկայացրել է հեռախոսով խոսակցության պատճեն, ինչից հետևում է՝ նույն օրը 00։25-ին Օրհանը հեռախոսով խոսել է եղբոր հետ, ծառայակիցների հետ վեճը ծագել է հենց հեռախոսազրույցի ավարտից հետո, սակայն ռազմական դատախազությունը շրջանցում է այս փաստը։

Հավելենք, որ Ադրբեջանի Կտտանքների դեմ հանձնաժողովի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի ՊՆ-ն 2013-ին կոծկել է առնվազն 5 զինծառայողի՝ բռնության և ծեծի հետևանքով գրանցված մահը՝ նրանց ներկայացնելով որպես հիվանդության կամ ինքնասպանության հետևանքով արձանագրված կորուստներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *