Իսրայելը հավելյալ F-35 կործանիչներ է պատվիրել

Արդեն պատվիրած 20 միավոր F-35 կործանիչներից հետո Իսրայելի զինված ուժերը կործանիչներն արտադրող ամերիկյան Lockheed Martin ընկերության պատվիրել է ավելացնել պատվերը: Այս մասին, ըստ «Ջեյնս» ռազմական հանդեսի, հայտնել է կործանիչների ծրագրի ղեկավար, ամերիկյան օդուժի գեներալ-լեյտենանտ Քրիս Բոգդանը:

F-35 կործանիչը հրթիռի արձակման պահին

F-35 կործանիչը հրթիռի արձակման պահին

Պաշտոնյան չի նշել, թե քանի հավելյալ ինքնաթիռ է մտադիր գնել Իսրայելը, սակայն հայտնել է, որ այդ մասին պայմանագիրը կողմերը նախատեսում են կնքել առաջիկա ամիսներին: Ու քանի որ կործանիչների տրամադրումը նախատեսված է իրականացնել 2016-ից սկսած, ապա պայմանագիրը կնքելու գործում շտապելու կարիք չի լինի:

Նշենք, որ կործանիչների գնման պայմանագիրը Իսրայելը կնքել է դեռևս 2010-ին: Կողմերը պայմանավորվել էին, որ արտադրողը իսրայելական զինված ուժերին է տրամադրելու 20 միավոր կործանիչներ, սակայն Իսրայելը հնարավորություն կունենա ավելացնել պատվերը ևս 75 միավորով:

Պայմանագրի կնքումից հետո իսրայելական կողմից հայտարարություններ էին եղել այն մասին, որ ինքնաթիռների գնումը կկատարվի ԱՄՆ-ի ֆինանսական օգնության հաշվին: Պետք է նշել, որ կործանիչների մեկ միավորի գինը, տարբերակից կախված, տատանվում է 83-ից 116 մլն ամերիկյան դոլարի սահմաններում:

2012-ին հայտնի դարձավ, որ իսրայելցիները մտադիր են կործանիչների վրա տեղադրել սեփական արտադրության կապի համակարգեր ու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ: Սարքավորումների տեղադրումը գնահատվում էր մոտ 460 մլն ամերիկյան դոլար:

Ավելացնենք, որ F-35 կործանիչներն արտադրում է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը, թեև ստեղծման աշխատանքներին մասնակցել են մի շարք պետություններ ու ընկերություններ: Նույն կերպ կործանիչների ստեղծման ու փարձարկման ծրագիրը ֆինանսավորում է ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև Մեծ Բրիտանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Կանադան, Թուրքիան, Ավստրալիան, Նորվեգիան ու Դանիան:

Հիմնականում արտադրվում է երեք մոդիֆիկացիայով՝ F-35A, F-35B և F-35C, որոնք տարբերվում են ըստ նշանակության: Մասնավորապես F-35A տարբերակը նախատեսված է ռազմաօդային ուժերի համար, այն ավելի պարզեցված ու ավելի էժան, ինչի պատճառով զանգվածային արտադրության մեջ լինելու է հենց այս տարբերակը: Այս տարբերակից է պատվիրել նաև Իսրայելը: F-35B տարբերակը ծովային դեսանտի համար է ստեղծվել, ու ըստ այդմ՝ այս տարբերակը ունի կարճ տարածության վրա օդ բարձրանալու ու ուղղահայաց վայրէջքի հնարավորություն: F-35C տարբերակը նախատեսված է ռազմաօդային ուժերի համար ու կարողանում է ցածր արագություններում բարձր մանևրայնություն ցուցաբերել:

Կործանիչն առաջին թռիչքը կատարել է 2006-ին։ Առավելագույն արագությունը 1930 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 2200 կմ։

Զինված է 25 մմ ավտոմատ թնդանոթով, ունի սպառազինության 6 արտաքին և 2 ներքին կախոց։ Կարող է կրել «օդ-օդ», «օդ-մակերևույթ» և հականավային հրթիռներ, տարատեսակ ռումբեր։ Մեկ միավորի գինը տատանվում է 155-199 մլն ամերիկյան դոլարի միջև՝ կախված մոդիֆիկացիայից։

Նշենք, որ Թուրքիան ևս F-35-ի գնորդների ցանկում է. Անկարան այս տարի պատվիրել է երկու միավոր F-35 և նշել, թե մտադրություն ունի առաջիկայում գնել ևս 98 նման կործանիչ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *