Զրահափոխադրիչներ՝ նաև Ուկրաինայի սահմանապահ զորքերին

Ուկրաինական «Ուկրօբորոնպրոմ» պետական ընկերության կազմի մեջ մտնող Նիկոլաևի զրահատանկային գործարանը 10 միավոր նորոգված ԲՏՌ-70 զրահափոխադրիչներ է տրամադրել Ուկրաինայի սահմանապահ զորքերին, հայտնում է «Ուկրօբորոնպրոմի» կայքը:

Մինչ տրամադրումը գործարանում նորոգել են զրահափոխադրիչներն ու դրանց վրա ամրացրել հակակումուլյատիվ պաշտպանության ցանցեր: Զրահափոխադրիչներից բացի, ընկերությունը սահմանապահ զորքերին է տրամադրել նաև հատուկ շտապօգնության մեքենա:

Ուկրաինայի սահմանապահ զորքերին տրված ԲՏՌ-70 զրահափոխադրիչներ

Ուկրաինայի սահմանապահ զորքերին տրված ԲՏՌ-70 զրահափոխադրիչներ

Զրահատեխնիկայի նորոգման հետ միաժամանակ գործարանը պատրաստել է նաև զրահափոխադրիչների անձնակազմերին, մասնավորապես վարորդներին, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ շահագործել զրահափոխադրիչները:

Առաջին խմբաքանակի տրամադրումից հետո գործարանը նախատեսում է առաջիկայում սահմանապահ զորքերին տրամադրել երկրորդ խմբաքանակը, սակայն չի հստակեցվում, թե քանի միավորանոց կլինի այն:

Ուշագրավ է, որ զրահափոխադրիչները տրամադրել են Ուկրաինայի սահմանապահ զորքերի՝ Խերսոնում տեղակայված զորամասում: Բանն այն է, որ Խերսոն քաղաքը Ղրիմի Արմյանսկ քաղաքից մոտ 120 կմ հեռավորության վրա է:

Զրահափոխադրիչները տրամադրող գործարանից հայտնել են, որ ներկայում աշխատում են նաև Ուկրաինայի ազգային գվարդիայի համար նախատեսված զրահատեխնիկան նորոգելու ու արդիականացնելու վրա:

Ավելացնենք, որ ուկրաինական ճգնաժամի, Ուկրաինայի հարավ-արևելքում շարունակվող ապստամբության պատճառով երկրի զրահատեխնիկա արտադրող ու նորոգող գործարանները ուկրաինական ուժայիններին զրահատեխնիկա մատակարարելու բազմաթիվ պատվերներ են ստացել: Անհրաժեշտ զրահատեխնիկայի մի մասը դուրս է բերվել պահեստներից, նորոգվել ու հանձնվել Ուկրաինայի ազգային գվարդիային, զինված ուժերին ու արդեն նաև սահմանապահ զորքերին: Իսկ այն դեպքերում, երբ խիստ կարիք է եղել, ուկրաինական պետական ընկերությունները կիսատ են թողել արտասահմանյան պատվերներն ու այլ երկրների համար նախատեսված պատրաստի զրահատեխնիկան՝ մասնավորապես ԲՏՌ-4 զրահափոխադրիչները, փոխանցել ուժայիններին, որպեսզի նրանք կարողանան զսպել ապստամբությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *