Հարավաֆրիկյան զինված ուժերի առաջին «Բաջերները» պատրաստ են

Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) անցկացվող AAD (Africa Aerospace and Defence) միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է Badger («Բաջեր») զրահափոխադրիչների առաջին նախասերիական տարբերակներից մեկը, հայտնում է ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» կայքը:

Հարավաֆրիկյան Հանրապետության զինված ուժերի Badger մեքենա

Հարավաֆրիկյան Հանրապետության զինված ուժերի Badger մեքենա

ՀԱՀ զինված ուժերի համար ներկայում արդեն պատրաստել են 5 միավոր նախասերիական մեքենաներ, որոնցից հետո արդեն նախատեսում են երկրում արտադրության մտցնել սերիական զրահապատ մարտական մեքենաները: Սա նախատեսված է մեքենաները նախագծող ֆիննական Patria ու հարավաֆրիկյան Denel ընկերությունների՝ 2013-ին կնքած պայմանագրով:

Պայմանագրի նպատակը ՀԱՀ զինված ուժերին 238 միավոր զրահապատ մարտական մեքենաների, այդ թվում՝ ՀՄՄ-ների, զրահափոխադրիչների, ինքնագնաց ականանետերի ու այլ զրահատեխնիկայի տրամադրումն է: Մոտ 900 մլն ամերիկյան դոլար արժեցած պայմանագրի համաձայն՝ ֆիննական ընկերությունը արդիականացնելու, ձևափոխելու էր սեփական Patria-AMV զրահապատ մարտական մեքենան, հարմարացնելու էր այն պատվիրատուի պահանջներին: Դրանից հետո առաջին 18 միավոր ձևափոխված մեքենաները արտադրելու ու փոխանցելու էր պատվիրատու երկրի զինված ուժերին: Դրանից հետո արդեն հարավաֆրիկյան Denel ընկերությանն էր փոխանցելու մեքենաների արտադրության արտոնագիրը, ու մնացած մեքենաները ՀԱՀ տարածքում արտադրելու էր Denel-ը:

Նշենք, որ անվավոր մեքենայի փոփոխությունների արդյունքում այն ստացել էր ավելի ամուր հատակ, նոր ներքին ձևավորում ու մոդուլային երկտեղանոց մարտական հանգույց: Մարտական հանգույցի մոդուլային լինելու շնորհիվ է, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում նույն հիմքի վրա կարտադրեն ինչպես հետևակի մարտական մեքենաներ, այնպես էլ ինքնագնաց ականանետեր, հակատանկային հրթիռային համալիրներ և այլն:

Նախատեսված է, որ Badger մեքենայի հիմքով պատրաստված ՀՄՄ-ներն ու տանկերի կրակային աջակցման մեքենաները զինված կլինեն 30 մմ թնդանոթներով ու 7,62 մմ կցված գնդացիրներով, ինքնագնաց ականանետների վրա կտեղադրվեն 60 մմ ականանետներ ու նույնպես 7,62 մմ գնդացիրներ, իսկ հակատանկային հրթիռային համալիրները կկրեն հարավաֆրիկյան արտադրության ZT3 Ingwe հակատանկային կառավարվող հրթիռներ, որով կկարողանան հակառակորդի տանկերը խոցել 5 կմ հեռավորությունից:

Ավելացնենք, որ 8×8 ընթացամասով Badger մեքենաների հիմքը Patria ընկերության Patria-AMV բազմանպատակային զրահապատ մեքենաներն են: Հարավային Աֆրիկայում դրանց հիմքով զրահապատ մեքենաների ամբողջ ընտանիք են պատրաստելու:

Բազային մեքենան ունի 2-3 հոգանոց անձնակազմ ու 8-12 հոգանոց դեսանտ տեղափոխելու հնարավորություն: Ցամաքում մեքենան կարողանում է զարգացնել մինչև 100 կմ/ժ արագություն, ծանծաղուտները հաղթահարում է լողալով մինչև 10 կմ/ժ արագությամբ:

Հարավաֆրիկյան Հանրապետությունից բացի, այս մեքենաներ իրենց զինված ուժերում ունեն նաև Ֆինլանիդան, Շվեդիան, Լեհաստանը ու մի քանի այլ երկրներ: Լեհաստանի զինված ուժերի կազմում մեքենան կիրառվել է Աֆղանստանի պատերազմում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *