Մալիի Քիդալ շրջանում սեպտեմբերի 18-ին արձանագրված պայթյունի հետևանքով սպանվել են ՄԱԿ-ի առաքելության առնվազն 5 խաղաղապահներ, 3-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, հղում տալով ՄԱԿ-ի հայտարարություններին, Չադից ժամանած խաղաղապահների ավտոմեքենան պայթեցվել է երկրի հյուսիսային հատվածում՝ Ահելքոք ու Թեսսալիթ քաղաքների միջև տեղակայված անապատային տեղանքում։
Այսպիսով, Մալիում մինչ օրս սպանվել է ՄԱԿ-ի 10 խաղաղապահ։
Հիշեցնենք, որ 2012-ի գարնանը Մալիում ռազմական հեղաշրջում է եղել, որի արդյունքում գահընկեց է արվել նախագահ Ամադու Թումանի Թուրեն։ Կենտրոնական իշխանության թուլացման պատճառով տուարեգները կարողացել էին որոշ ժամանակով գրավել երկրի հյուսիսային հատվածները՝ հայտարարելով այնտեղ անկախ իսլամիստական պետության ստեղծման մասին։ 2013-ի հունվարին Մալիի կենտրոնական իշխանությունները դիմել էին Ֆրանսիային՝ տուարեգների դեմ պայքարում աջակցություն հայցելով։ Ֆրանսիան ուղարկել էր իր զինծառայողներին, որոնք հաջող գործողություն էին իրականացրել իսլամիստների դեմ։ Այնուհետև ՄԱԿ-ի 12.6 հազար խաղաղապահներ ստանձնել էին Մալիի սահմանների պարեկությունը։