ԱՄՆ բանակի զինծառայողները լիտվական զորավարժարանում անզգուշաբար կրակել են քաղաքացու վրա

Լիտվայի Յոնավսկ շրջանում տեղակայված զորավարժարանում 2014-ի սեպտեմբերի 11-ի երեկոյան գրանցվել է արտակարգ միջադեպ՝ ԱՄՆ բանակի զինծառայողների մասնակցությամբ։ Լիտվացի զինծառայողների հետ անցկացվող համատեղ զորավարժության մարտական հրաձգոթյան փուլում ԱՄՆ բանակայինները անզգուշաբար կրակ են բացել զորավարժարանում հայտնված քաղաքացիական անձի վրա։ Այս մասին հայտնում է ամերիկյան «abcnews» լրատվակայքը։

ԱՄՆ բանակի զինծառայողներ

ԱՄՆ բանակի զինծառայողներ

Երեկոյան ժամին ընթացող մարտական հրաձգության ընթացքում կրակային գծում հայտնված 45-ամյա քաղաքացին ստացել է հրազենային վնասվածք՝ ձեռքի, ոտքի և կրծքի շրջանում։

Ամերիկացի զինծառայողները տուժածին առաջին օգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են։ Բժիշկների հավաստմամբ՝ դեռևս չճշտված հանգամանքներում զորավարժարանում հայտնված քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում։ Միջադեպի մանրամասները պարզելու համար Լիտվայի ռազմական ոստիկանությունը տանում է հետաքննություն։

Նշենք, որ ԱՄՆ օդադեսանտային զորքերի բրիգադներից մեկի 173-րդ վաշտի զինծառայողները, ովքեր իրենց ծառայությունը տանում են Իտալիայում, Լիտվա են ժամանել ՆԱՏՕ-ի նախաձեռնությամբ անցկացվող բազմազգ զորավարժությանը, որը կապված է Ուկրաինայի հարավ-արևելքում ստեղծված իրավիճակով և այդ երկրի նկատմամբ ուժ կիրառելու ռուսաստանյան սպառնալիքով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *