Սեպտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ կայացել է խորհրդակցություն, որին մասնակցում էին պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետերը: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև բանակային զորամիավորումների հրամկազմը:
Խորհրդակցությունը նվիրված էր ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ անցկացվելիք հանդիսավոր միջոցառումների կազմակերպմանը, պաշտպանության նախարարին կից կոլեգիաների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքներին:
Նախարարը հանձնարարել է, որ զորամասերում ՀՀ անկախության տարեդարձի առթիվ անցկացվելիք տոնական միջոցառումներին ներգրավվեն նաև հասարակության լայն շերտերը:
Խորհրդակցության ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև կարգապահական բնույթի խնդիրներին: Օրերս ՊՆ զորամասերից մեկում զինվորի մահվան ելքով գործի քննության կապակցությամբ պաշտպանության նախարարը շեշտել է, որ անկախ նրանից, թե ինչն է դրդել զինվորին ինքնասպանության, զորամասի ղեկավարության պատասխանատվության չափը դրանից ոչ մի կերպ չի նվազելու և ծառայողական քննության ավարտից հետո օրենքի ամբողջ խստությամբ պատժվելու են բոլոր մեղավորները:
Նմանաբնույթ դեպքերը հետագայում բացառելու նպատակով Սեյրան Օհանյանը խորհրդակցության ավարտին մասնակիցներին տվել է կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ: