Ուրուգվայն օգտագործված ականանետեր է գնում Իսպանիայից

Ուրուգվայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարությունը պայմանագիր է կնքել իսպանական պետական ECIA (Esperanza y Cia, SA.) ընկերության հետ, որով ընկերությունն Ուրուգվային է տրամադրելու Իսպանիայի զինված ուժերում օգտագործված սպառազինություն, հայտնում է ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» կայքը:

Իսպանական ECIA L-65/81 ականանետ

Իսպանական ECIA L-65/81 ականանետ

Պայմանագրով նախատեսվում է ինչպես ականանետերի, այնպես էլ դրանց համար նախատեսված պահեստամասերի ու ականների տրամադրում ընդհանուր առմամբ՝ մոտ 360 հազար ամերիկյան դոլարի դիմաց:

Տրամադրվող ականանետերը լինելու են երկու տրամաչափի: Ուրուգվայը ստանալու է 120 միավոր 81 մմ L-65/81 ու ևս 60 միավոր 120 մմ L-65/120 ականանետեր:

Ավելացնենք, որ օգտագործված սպառազինությունը գնելու համար երկու կողմերը բանակցություններ էին վարում դեռևս 2012-ից: Ներկայում կնքված պայմանագիրն էլ նախատեսվում է կատարել մինչև 2014-ի ավարտը:

Նշենք, որ Ուրուգվայը օգտագործված սպառազինություն վերջերս ստացել է նաև Բրազիլիայից, ընդ որում՝ անվարձահատույց: Պատճառն այն է, որ Բրազիլիան ստացել է գերմանական արտադրության Leopard-1A5 հիմնական մարտական տանկեր, ինչից հետո սպառազինությունից դուրս է գրել ամերիկյան հնացած տանկերի մի մասը։ Ու որպեսզի M41 տանկերի սպասարկման ու պահպանման վրա չծախսի գումար, որոշել է դրանք անվարձահատույց տրամադրել Ուրուգվային, որտեղ դրանք կփոխարինեն 17 միավոր էլ ավելի հին M24 Chaffee տանկերին։ Ավելին՝ բրազիլական կողմը պատրաստվում է մատակարարումը կատարել սեփական միջոցներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *