Բրազիլիան իր հնացած տանկերը նվիրում է Ուրուգվային

Բրազիլիայի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է 1940-ականների նախագծման ամերիկյան M41 տանկերի 25 միավորանոց խմբաքանակ նվիրել Ուրուգվային։ Դրա համար ներկայում անհրաժեշտ է Բրազիլիայի կառավարության համաձայնությունը, հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

Բրազիլիայի զինված ուժերի M41 թեթև տանկ

Բրազիլիայի զինված ուժերի M41 թեթև տանկ

Պատճառն այն է, որ Բրազիլիան ստացել է գերմանական արտադրության Leopard-1A5 հիմնական մարտական տանկեր, ինչից հետո սպառազինությունից դուրս է գրել ամերիկյան հնացած տանկերի մի մասը։ Ու որպեսզի M41 տանկերի սպասարկման ու պահպանման վրա չծախսի գումար, որոշել է դրանք անվարձահատույց տրամադրել Ուրուգվային, որտեղ դրանք կփոխարինեն 17 միավոր էլ ավելի հին M24 Chaffee տանկերին։

Ավելին՝ բրազիլական կողմը պատրաստվում է մատակարարումը կատարել սեփական միջոցներով։ Դրա համար Բրազիլիայի պաշտպանության նախարարությունը կծախսի մոտ 150 հազար ամերիկյան դոլար։

Մինչ այդ, սակայն, անհրաժեշտ կլինի նաև ամերիկյան կողմի համաձայնությունը, քանի որ տանկերը Բրազիլիային մատակարարել է հենց ԱՄՆ-ն, ու ամերիկյան կողմը կարող է թույլ չտալ դրանց փոխանցումը այլ երկիր։

Ավելացնենք, որ ընդհանուր առմամբ Բրազիլիայի զինված ուժերում ներկայում առկա է մոտ 150 արդիականացված M41C տանկ, որոնց մի մասն էլ նախատեսվում է ուղարկել Ուրուգվայ։

Ավելացնենք, որ ամերիկյան M41 Walker Bulldog տանկերը նախագծվել են 1940-ականների երկրորդ կեսին՝ Երկրորդ աշխարհամարտում օգտագործված M24 Chaffee տանկերի փոխարինման համար։

Տանկն ունի մոտ 23,5 տոննա զանգված, 4 հոգիանոց անձնակազմ։ Ամերիկյան բանակում տանկը օգտագործվել է 1953-ից մինչև 1960-ականների վերջը։ Տանկի բազային տարբերակը զինված է 76-մմ թնդանոթով ու 7,62 կամ 12,7 մմ գնդացրով։ Բրազիլական M41C արդիականացման վրա 76 մմ թնդանոթը փոխարինված է 90 մմ թնդանոթով։

One response to “Բրազիլիան իր հնացած տանկերը նվիրում է Ուրուգվային

  1. Pingback: Ուրուգվայն օգտագործված ականանետեր է գնում Իսպանիայից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *