Թուրքերը մեղադրում են հույներին օդային սահմանը խախտելու համար

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն օգոստոսի 26-ին տարածած պաշտոնական հաղորդարգության մեջ Հունաստանին մեղադրել է թուրքական օդային սահմանը խախտելու համար։ 

Էգեյան ծով

Էգեյան ծով

Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ից հայտնում են, որ օգոստոսի 26-ին Հունաստանի «Սուպեր Պումա» ուղղաթիռը Էգեյան ծովի Բուլամաչ կղզու հատվածում շուրջ 40 րոպե է անցկացրել թուրքական օդային տարածքում, ապա հեռացել է։ Միջադեպը լուրջ հետևանքների չի ունեցել։

Նշենք, որ վերջին ամիսներին թուրքական կողմը մշտապես հայտնում է Հունաստանի կողմից իր օդային և ջրային սահմանը խախտելու մասին։

Այսպես, օգոստոսի 18-ին ևս մեկ նման դեպք էր գրանցվել. թուրքերը մեղադրել էին հույներին Իզմիրի հատվածում ուղղաթիռով Թուրքիայի օդային սահմանը խախտելու համար։

Հունիսի 21-ի վաղ առավոտյան Հունաստանի առափնյա անվտանգության պարեկային կատերը շուրջ 50 րոպե է անցկացրել Թուրքիայի ջրային տարածքում։ Թուրքական կողմի զգուշացումներից հետո հունական պարեկային կատերը հեռացել է Թուրքիայի ջրային սահմաններից։

Եվս մեկ նման դեպք է եղել հունիսի 17-ին՝ Հունաստանի առափնյա անվտանգության պարեկային կատերը երեկոյան ժամերին շուրջ 42 րոպե է անցկացրել Թուրքիայի ջրային տարածքում։

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի 2 միավոր F-16 կործանիչները և 2 միավոր F-4 կործանիչ-ռմբակոծիչները հունիսի 17-ի առավոտյան ուսումնական թռիչք են կատարել Էգեյան ծովում, երբ նրանց որսալու համար օդ են բարձրացվել հունական F-16 կործանիչներ։ Նույն օրը հունական պարեկային կատերը մտել էր Թուրքիայի ջրային տարածք։

Ավելի վաղ ևս թուրքական զինուժը հայտնել էր, թե Էգեյան ծովում Հունաստանի ռազմաօդային ուժերի կործանիչները խանգարել են թուրքական ռազմական ինքնաթիռների թռիչքին։

Նշենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև Էգեյան ծովի ջրերում և օդային տարածքում հաճախ է լարված իրավիճակներ ստեղծում, քանի որ ՆԱՏՕ-ում դաշնակից այս պետությունները մի շարք կղզիների հարցում տարածքային խնդիրներ ունեն։ Բացի այդ, երկու պետությունների հարաբերությունները լարված են Կիպրոսի խնդրի պատճառով. կղզու հյուսիսային հատվածը շուրջ 40 տարի Թուրքիայի բռնազավթման տակ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *