Իսրայելական արտադրության Hermes անօդաչու թռչող սարքն ընկել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանի մերձակայքում։ Արդյոք անօդաչուն խոցվել է, թե անսարքության պատճառով է ընկել, այդ պահի դրությամբ պարզ չէ։Ինչպես հաղորդում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը, Իրաքի զինուժի ներկայացուցիչները հրաժարվել են մանրամասներ հայտնել։ Պարզ չէ նաև՝ անօդաչուն պատկանել է հենց Իսրայելին, թե այլ պետությանը։
Հիշեցնենք, որ օրերս հայտնի էր դարձել՝ Իրանում խոցվել է իսրայելական Hermes անօդաչու, որը, չի բացառվում, արձակվել էր Ադրբեջանի տարածքից։
Hermes տիպի անօդաչուներից առավել տարածված են Hermes 450 և Hermes 900 ԱԹՍ-ները։ Hermes 450 բազմանպատակային հետախուզական անօդաչու թռչող սարքի արտադրողն իսրայելական Elbit Systems ընկերության դուստր ձեռնարկությունն է՝ Silver Arrow ընկերությունը։ Անօդաչուն նախատեսված է հետախուզական ու պարեկային թռիչքների համար, կարող է կիրառվել նաև կրակի ուղղորդման նպատակով։ Hermes450-ի հիմնական առանձնահատկությունն այն է, որ անօդաչուն կազմված է կոմպոզիտ՝ տարասեռ բաղադրիչներից, ինչն էլ բարդեցնում է դրա հայտնաբերումը համապատասխան սարքերի կողմից։
Hermes 900-ն Elbit Systems-ի արտադրած մարտավարական, եղանակային ցանկացած պայմանների համար նախատեսված անօդաչու է։ Առաջին թռիչքը կատարել է 2009-ի դեկտեմբերին, սերիական արտադրությունը սկսել են 2010-ին։ Hermes 450-ից չափերով ավելի մեծ է, կառավարվում է Elbit Systems UGCS ունիվերսալ վերգետնյա կայանից, որը կարող է կառավարել միաժամանակ 2 ԱԹՍ:
Այս անօդաչուներ շահագործող երկրների շարքում է նաև Ադրբեջանը։