Դիվերսիոն խմբի մասին լուրը կեղծ է. ՀՀ ԶՈւ-ն զորավարժություն է իրականացրել. ՀՀ ՊՆ

Օգոստոսի 12-ի գիշերը հայկական լրատվակայքերից մեկը տեղեկություններ էր տարածել, թե իբր Վայոց ձորի Սերս գյուղում տագնապ են հայտարարել, և տեղի զորամասի բոլոր պայմանագրային զինծառայողներին հանձնարարել են փնտրել տարածք ներթափանցած դիվերսանտներին։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է սույն տեղեկությունը։ Նրա խոսքերով. «Դիվերսիոն խմբի ներթափանցման մասին տեղեկությունները կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը: Բանն այն է, որ ՀՀ ԶՈւ-երի որոշ ստորաբաժանումներ իրականացրել են զորավարժություններ: Սակայն նկատենք, որ հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպես է լրատվամիջոցը, իր նեղ շահերից ելնելով, ապատեղեկատվություն տարածում, որի ընթացքում կարող է նաև հրապարակել պետական գաղտնիք՝ դրանով օգնելով հակառակորդին մարտական իրավիճակում կամ տեղեկատվական դաշտում հասնել առավելության մեր նկատմամբ: Բազմիցս կոչ ենք արել զերծ մնալ նման ապատեղեկատվություն տարածելուց, ճշտել տեղեկությունները և միտումնավոր կամ անզգուշաբար չօգնել թշնամուն: Ռազմական գործողությունների կամ զորավարժությունների մասին տեղեկությունները որոշակի գաղտնիք են պարունակում, որոնց հրապարակումը կարող է լրջորեն վնասել գործողության հաջողությանը՝ վտանգի ենթարկելով անգամ մարդկանց կյանքը»։

Հիշեցնենք, որ ՊՆ ու ՊԲ տվյալներով՝ վերջին 2 օրերին առաջնագծում լարվածությունը թուլացել է, հրադադարի խախտման դեպքերի թիվը նվազել է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *