Իսրայելը պատրաստվում է Գազայի հատվածում տևական ռազմական գործողությունների

Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ՝ հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման անդամները հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից երկուսն ընկել է բնակելի տներին բավականին մոտ։ Միաժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել Իսրայելի բնակիչներին պատրաստ լինել «Գազայի հատվածում տևական ռազմական գործողություններին»։ ՀԱՄԱՍ-ն էլ կոչ է արել հիմնականում Լիբանանում գործող «Հըզբոլլահ» շիական խմբավորմանը «երկրորդ ճակատ բացել» և աջակցել իրենց Իսրայելի դեմ պայքարում։

Իսրայելական զորքերը Գազայի հատվածում

Իսրայելական զորքերը Գազայի հատվածում

Ինչպես հաղորդում է իսրայելական Haaretz պարբերականը, Նեթանյահուն շեշտել է՝ Իսրայելին բարդ օրեր են սպասվում, քանի որ «իրենցից պահանջվելու է համբերություն և վճռականություն ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունն արմատախիլ անելու համար»։ Իր հերթին Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է՝ առաջիկա օրերին իրենք «մահացու հարվածներ են հասցնելու ՀԱՄԱՍ-ի դիրքերին»։ ՑԱՀԱԼ-ի գլխավոր շտաբի պետ Բենի Գանցը վստահություն է հայտնել, որ իսրայելական կողմի ռազմական գործողության ծավալներն ընդլայնվելու են։

ԵՄ-ն ներկայացուցիչը հուլիսի 29-ին դատապարտել է Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունը, որը հանգեցրել է «բազմաթիվ անմեղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների մահվանը»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 21-ին հայտարարել էր՝ ԱՄՆ-ն պատրաստ է մոտ 47 մլն ամերիկյան դոլարի մարդասիրական օգնություն հատկացնել Գազայի հատվածի բնակիչներին։

Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 8-ին հայտարարել էր պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Պատճառը, ըստ իսրայելական կողմի, Գազայի հատվածից իրենց ուղղված հրթիռային չդադարեցվող հարվածներն են։

Ըստ փորձագետների՝ Իսրայելի ակտիվությունը կապված է 3 իսրայելցի պատանիների սպանության հետ։ Հունիսի 12-ին նրանց առևանգել էին, Իսրայելը նույն օրն առևանգման պատասխանատու էր հայտարարել ՀԱՄԱՍ-ին։ Ավելին, հունիսի 26-ին Իսրայելի անվտանգության համընդհանուր ծառայությունը հրապարակել էր ՀԱՄԱՍ-ի 2 ակտիվիստների լուսանկարները և տվյալները, որոնք, ըստ իսրայելական կողմի, մեղավոր են առևանգման հարցում։

Օրեր անց պատանիների դիերը հայտնաբերել էին Հորդանան գետի արևմտյան ափին՝ Հևրոն քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածում։ ՀԱՄԱՍ-ը հերքել է, թե իր անդամները որևէ առնչություն ունեն պատանիների սպանության հարցում։

Այնուհանդերձ, Իսրայելի ուժայիններն այդ օրվանից ի վեր մի շարք գործողություններ էին իրականացրել, որոնք արդյունքում ձերբակալվել է 400 արաբ, որոնց շարքում են ՀԱՄԱՍ-ի անդամներ, պաղեստինցի քաղաքական գործիչներ։

Բացի այդ, ձերբակալվել էին 57 պաղեստինցիներ, որոնց 2011-ին ազատ էին արձակել իսրայելցի առևանգված զինծառայող Հիլադ Շալիթի ազատման դիմաց։ Իսրայելի զինծառայողներն այս ընթացքում խուզարկել էին մոտ 3 հազար շինություններ, այդ թվում՝ հեռուստաընկերությունների ու թերթերի գրասենյակներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *