Արգենտինան նոր անօդաչու թռչող սարքեր ստեղծելու մտադրություն ունի

Արգենտինայի կառավարությունը պաշտպանության նախարարության միջոցով հաստատել է իր մտադրությունը նոր անօդաչու թռչող սարքերի ստեղծման և արտադրման առնչությամբ։ Այդ ԱԹՍ-ները երկրի ծովային ու ցամաքային տարածքները հսկելու գործառույթ են ունենալու։

Lipan 2 ԱԹՍ

Lipan 2 ԱԹՍ

Ինչպես հաղորդում  է ռազմական վերլուծական «Ջեյնս» հանդեսը, սույն անօդաչուները լինելու են թռիչքի փոքր ու միջին հեռավորությամբ, կրելու են հետախուզական ու շրջադիտման սարքեր, սակայն սպառազինություն չեն ունենալու։ Ըստ էության, այս անօդաչուները դառնալու են արգենտինական Lipan ԱԹՍ-ի արդիականացված տարբերակը, որը ներկայումս կիրառում են Արգենտինայի զինված ուժերում։

Համաձայն աղբյուրի՝ նոր ԱԹՍ-ների ստեղծման պայմանագիրը ստանձնել է պետական INVAP ընկերությունը։ Այն ստեղծելու է դրանք բացառապես տեղացի մասնագետների ու տեղական տեխնոլոգիաների միջոցով:

Հիշեցնենք, որ արգենտինական Lipan ԱԹՍ-ն ստեղծվել է 1996-ին, սկսել են շահագործել 2007-ից։ Ունակ է հետախուզություն կատարել նաև գիշերային պայմաններում։ Անօդաչուի երկարությունը 3.55 մ է, թևերի բացվածքը՝ 4.6 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 60 կգ, օգտակար բեռնվածությունը՝ 20 կգ, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 2000 մ, առավելագույն արագությունը՝ 170 կմ/ժ, ազդեցության հեռավորությունը՝ 40 կմ, թռիչքի տևողությունը՝ մինչև 5 ժամ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *