Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հուլիսի 29

Ուկրաինայի հարավ-արևելքում ապրիլից շարունակվում են մարտերն ապստամբների և ուկրաինացի ուժայինների միջև։ Ներկայում հիմնական զարգացումները Լուգանսկի և Դոնեցկի մերձակայքում են։

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

Ուկրաինայի ուժայինները երկրի հարավ-արևելքում

Ուկրաինայի ուժայինները երկրի հարավ-արևելքում

22։40-Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը լրատվամիջոցներին հայտնել է, որ ուժայիններին հաջողվել է ընդհուպ մոտենալ մալայզիական Բոինգ 777 օդանավի կործանման վայրին։ Հիշեցնենք, որ հետաքննությունն իրականացնող մարմիններին չի հաջողվում ամբողջությամբ զննել ավիավթարի գոտին՝ քանի որ դրա մի մասը վերահսկում են ապստամբները։

22։10ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգթոնում Ուկրաինայի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ Կիևը պատրաստ է երկկողմանի հրադադար սահմանել երկրի հարավ-արևելքում կռվող ապստամբների հետ։ Քերին նշել է, որ դա կարևոր նախապայման է նախագահ Պորոշենկոյի առաջարկած խաղաղ կարգավորման պլանը կյանքի կոչելու համար։

21։30-Ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերությունը հղում անելով Պենտգագոնի իր աղբյուրին նշել է, որ Միացյալ Նահանգների հետախուզությունն անցնող 2 օրերին արձանագրել է փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների կիրառում կառավարական ուժերի կողմից։ Դեռևս չհաստատված այս տեղեկությունը քննարկումների մեծ ալիք է առաջացրել միջազգային հանրության շրջանում։

19։50-Ուկրաինայի Կենտրոնական բանկը մտցրել է սահմանափակում, համաձայն որի բանկերի դրամարկղերն ու բանկոմատները մեկ օրվա ըթնացքում կանխիկ եղանակով միևնույն անձին չեն տրամադրի ավելին, քան 150 000 գրիվեն (շուրջ 1200 ԱՄՆ դոլար)։

18։15-Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը լրատվամիջոցներին հայտնել է, որ հակաահաբեկչական գործողության ընթացքում անցնող օրերին զոհվել է 10 ուժային։

16։40Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում դիտարկում են Բոինգ 777 օդանավի կործանման հետաքննության հարցում դադարեցնել համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ և դրա փոխարեն նման եզրեր հաստատել Շանհայի համագործակցության կազմակերպության հետ։ Դոնեցկում այս քայլը պատճառաբանում են ԵԱՀԿ կողմնակալությամբ, որը վերջինս դրսևորում է ողբերգական միջադեպի հետաքննության ընթացքում։

16։00Ուժայինները հայտարարել են, որ իրենց հսկողության տակ են վերցրել Դոնեցկի շրջանի Նովի Սվետ բնակավայրը։ Նշենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ կառավարական ուժերը փորձում են ամբողջությամբ շրջափակել Դոնեցկ քաղաքն ու ընդհուպ մոտենալ դրա սահմաններին։

15։35Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն զանգահարել է Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին և կոչ արել դադարեցնել մարտական գործողությունները Բոինգ 777 օդանավի կործանման վայրում։ Ռյուտեն նշել է, որ ընթացող մարտերի հետևանքով հետաքննությունն անցկացնող քննիչներին արդեն երրորդ անգամ չի հաջողվել մոտենալ վթարի այն վայրին, որը բավական մոտ է ուժայինների և ապստամբների շփման գծին։

14։50-Դոնեցկի շրջանի Գորլովկա քաղաքի իշխանությունները լրատվամիջոցներին հայտնել են, որ ուժայինների հրետակոծության հետևանքով անցնող օրերին քաղաքում զոհվել է 17 քաղաքացիական, ևս 43-ը վիրավոր են։

14։15-Կիևյան իշխանությունների հակառակորդներից կազմված «ԿիբերԲերկուտ» ցանցահենական խումբը արգելափակել է Ուկրաինայի նախագահի կայքը, ներկայումս այն անհասանելի է։

13։40-Ուկրաինայի ներքեին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է, որ ոստիկանությանն անհրաժեշտ է ավելի քան 20 000 մարդ՝ լրացնելու համար կադրային այն բացը, որն առաջացել է ոստիկանների դասալքության հետևանքով։

13։00- Մասնագետները չեն կարողացել հասնել մալայզիական «Բոինգ» ինքնաթիռի կործանման վայրը, քանի որ մոտակայքում մարտեր են ընթացել։

12։55- Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը նշել է, որ նախարարությանն անհրաժեշտ է 20 հազար նոր աշխատակից՝ «փոխարինելու վարկաբեկված և դասալիք դարձած իրավապահներին»։

12։50- Դոնեցկի ապստամբների հրամանտար Իգոր Ստրելկովը հրամայել է չկրակել կամավոր հանձնված ուկրաինացի զինծառայողների վրա։

12։45- Գիշերային ժամերին Դոնեցկի մերձակայքը հրետակոծվել է։ Արկերը պայթել են Լենինի և Կիևի շրջաններում։ Զոհերի մասին տվյալներ չեն հաղորդվում, սակայն մի քանի շինություններ զգալի վնասվել են, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

12։35- ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը տեղեկացրել է, որ Վաշինգթոնը պատրաստվում է 7 մլն ամերիկյան դոլար ուղարկել Ուկրաինայի արևելք՝ վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար, տեղեկացնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *