Ադրբեջանում կասկածելի պայմաններում մահացած զինծառայողների ծնողներն ասուլիս են հրավիրել

2010-2013 թվականների ընթացքում Ադրբեջանում կասկածելի պայմաններում մահացած զինծառայողների ծնողները Բաքվում՝ Լրագրողների անվտանգության և ազատության կենտրոնում, մամուլի ասուլիս են հրավիրել։

Ադրբեջանում կասկածելի պայմաններում սպանված զինծառայողների ծնողները

Ադրբեջանում կասկածելի պայմաններում սպանված զինծառայողների ծնողները

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, ծնողները հայտարարել էին, որ դեռևս սույն թվականի փետրվարի 20-ին պահանջել էին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից և դատախազությունից համապատասխան հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար իրենց զավակների մահվան իրական պատճառները։ Մինչ օրս, ըստ աղբյուրի, թե´ Ադրբեջանի ՊՆ-ն, թե´ դատական մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկել։

Նշենք, որ ասուլիսի ընթացքում դժգոհություններ են հնչել նաև 2013-ի հոկտեմբերի 22-ից որպես Ադրբեջանի պաշտպանության նախարար պաշտոնավարող Զաքիր Հասանովից։ Ծնողները վկայում են, որ նա բարձր կոչումներ է շնորհում այն հրամանատարներին, որոնց զորամասերում զինծառայողների չբացահայտված մահվան դեպքերը մեծ թիվ են կազմում։ Ասուլիսի մասնակից ծնողները հավաստիացրել են, որ իրենց որդիների մահվան իրական հանգամանքները պարզելուց հետո պետությունը պարտավոր է ապահովագրական վճարներ հատկացնել իրենց։

Հիշեցնենք, որ դեռևս սույն թվականի հոկտեմբերի 28-ին Ադրբեջանի «Հրադադարի ժամանակահատվածում զոհվածների իրավունքի պաշտպանություն» ՀԿ-ն հոկտեմբերի 28-ին մամուլի ասուլիս էր հրավիրել։ ՀԿ-ի տնօրեն Բայալի Ազիզովը շեշտել էր՝ ԶՈւ համակարգում շարունակում են առաջնային մնալ ոչ մարտական պայմաններում զոհված զինվորների գործերի հետաքննությունը։ Զինծառայողների ծնողները նշել էին՝ պարբերաբար դիմում են տարբեր գերատեսչությունների հետաքննությունն ըստ արժանվույն կազմակերպելու համար, սակայն զինդատախազությունից մինչև իշխանության վերին օղակներ, բախվում են արհամարհանքի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *