ԱՄՆ հետախուզությունը չի ներկայացրել Բոինգ 777-ի վթարում ՌԴ-ի մեղքի ապացույցները

Ուկրաինայի Դոնեցկի Շախտյորսկ քաղաքի մերձակայքում հուլիսի 17-ին ընկել էր Մալայզիայի ավիաուղիների Բոինգ 777 օդանավը։ Մինչ օրս ուկրաինական կողմը և ԱՄՆ-ն կատարվածում մեղադրում են ՌԴ-ին և Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերին, սակայն ԱՄՆ-ն այդպես էլ չի ներկայացնում խոստացված արբանյակային տվյալները, որոնք պետք է որ ապացուցեին ՌԴ-ի մասնակցությունը։

Մալայզիայի ավիաուղիների Բոինգ-777 օդանավ

Մալայզիայի ավիաուղիների Բոինգ-777 օդանավ

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան Pravda.ru կայքը, հուլիսի 22-ին ԱՄՆ-ի հետախուզության ներկայացուցիչները վկայել են՝ ՌԴ-ի մեղքը Բոինգ 777-ի կործանման հարցում ապացուցված չէ։ Ավելին, ըստ աղբյուրի՝ ամերիկյան կողմը խոստովանել է, թե ապացույցներ չունի անգամ ինքնապաշտպանական ուժերի մեղավորության հարցում։

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունն  ու նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ հայտարարել էին՝ հրապարակելու են իրենց հետախուզություն տվյալները, որոնք վկայում են՝ Բոինգ 777-ի ողբերգական միջադեպում մեղավոր են թե´ Դոնեցկի ապստամբները, թե´ ՌԴ-ն։ Սակայն լրագրողների համար կազմակերպված ասուլիսին ԱՄՆ հետախուզության անդամներն այդպես էլ իրենց պնդումը փաստող արբայակային լուսանկարներ չեն ներկայացրել։ Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է արբանյակային սեփական լուսանկարները, ռազմական հետախուզական օբյեկտների տվյալները, որոնք, ըստ ռուսաստանյան կողմի, «անհերքելի փաստ են, որ ՌԴ-ն առնչություն չունի ինքնաթիռի անկման հետ»։

Միևնույն ժամանակ «Ջեյնս» ռազմական վերլուծական պարբերականը փոխանցում է՝ ԱՄՆ օդուժի հրամանատարը բացառել է ՌԴ-ի կառավարության պնդումները, թե Վաշինգթոնը չափազանցնում է ինքնաթիռի միջադեպում ռուսաստանյան կողմի մեղավորության հանգամանքը՝ պահանջելով ԱՄՆ հետախուզությունից հրապարակային դարձնել իրենց արբանյակների լուսանկարները։

Հավելենք, որ Բոինգ 777-ում եղել է 280 ուղևոր և անձնակազմի 15 անդամ, որոնք բոլորն էլ զոհվել են։

Հուլիսի 17-ին Ուկրաինայի պատկան մարմինները տեղեկացրել էին՝օդանավը թռչում էր միջազգային ուղևորափոխադրումների համար հատկացված օդային հատուկ միջանցքով, սակայն ապստամբները նկատել և հավանաբար կարծելով, թե դա ռազմական ինքնաթիռ է՝ խոցել են այն։

Ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն լրատվամիջոցներին հայտնել էր, թե ապստամբներն իրենց տրամադրության տակ արդեն ունեն նաև Բուկ (ռուս.՝ Бук) զենիթահրթիռային համալիր, որը թույլ է տալիս օդային թիրախները խոցել անհամեմատ մեծ բարձրություններում, քան դյուրակիր զենիթահրթիռային համալիրները:

Ամերիկյան Բոինգ ավիաշինական հսկայի արտադրած Բոինգ 777 ուղևորատար օդանավը շահագործվում է 1995-ից։ Կախված կոնֆիգուրացիայից, օդանավը կարող է փոխադրել 305-ից 550 ուղևոր։ Ինքնաթիռի առավելագույն արագությունը 945 կմ/ժ է, թռիչքի առաստաղը՝ 13 100 մետր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *