Մալայզիայի Բոինգ 777 օդանավն ընկել է Դոնեցկում. հավանական պատճառն ապստամբներն են

Դոնեցկի Շախտյորսկ քաղաքի մերձակայքում ընկել է Մալայզիայի ավիաուղիների Բոինգ 777 օդանավը, որում եղել է 280 ուղևոր և անձնակազմի 15 անդամ։ Այս պահին վթարի ամենահավանական վարկածն այն է, որ օդանավը սխալմամբ խոցել են Ուկրաինայի հարավ-արևելքում կռվող ապստամբները։ Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես հաստատել են օդանավի կործանման տեղեկությունը։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ռիա-Նովոստի» գործակալությունը։

Մալայզիայի ավիաուղիների Բոինգ-777 օդանավ

Մալայզիայի ավիաուղիների Բոինգ 777 օդանավ

Օդանավը թռիչք էր կատարում Նիդերլանդներից Մալայզիա, այն ՌԴ-ի օդային սահմանից շուրջ 50-ից 60 կմ հեռավորության և 10 000 մետր բարձրության վրա էր, երբ կորել է ռադարների էկրաններից։

Ուկրաինայի պատկան մարմինները տեղեկացրել են նաև, որ օդանավը թռնում էր միջազգային ուղևորափոխադրումների համար հատկացված օդային հատուկ միջանցքով, սակայն ապստամբները նկատել և հավանաբար կարծելով, թե դա ռազմական ինքնաթիռ է՝ խոցել են այն։

Նշենք, որ օրերս Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն լրատվամիջոցներին հայտնել էր, թե ապստամբներն իրենց տրամադրության տակ արդեն ունեն նաև Բուկ (ռուս.՝ Бук) զենիթահրթիռային համալիր, որը թույլ է տալիս օդային թիրախները խոցել անհամեմատ մեծ բարձրություններում, քան դյուրակիր զենիթահրթիռային համալիրները:

Բուկ զենիթահրթիռային համալիր

Բուկ զենիթահրթիռային համալիր

Հավելենք, որ հակաօդային պաշտպանության Բուկ զենիթահրթիռային համալիրը, կախված մոդիֆիկացիայից, օդային թիրախները կարող է խոցել 14-ից 18 կմ բարձրության վրա։

Ամերիկյան Բոինգ ավիաշինական հսկայի արտադրած Բոինգ 777 ուղևորատար օդանավը շահագործվում է 1995-ից։ Կախված կոնֆիգուրացիայից, օդանավը կարող է փոխադրել 305-ից 550 ուղևոր։ Ինքնաթիռի առավելագույն արագությունը 945 կմ/ժ է, թռիչքի առաստաղը՝ 13100 մետր։

2 responses to “Մալայզիայի Բոինգ 777 օդանավն ընկել է Դոնեցկում. հավանական պատճառն ապստամբներն են

  1. Pingback: Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հուլիսի 17 | Ռազմ.info

  2. Pingback: ԱՄՆ հետախուզությունը չի ներկայացրել Բոինգ 777-ի վթարում ՌԴ-ի մեղքի ապացույցները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *