Հայաստանի ինժեներական զորքերի զինծառայողները երրորդն էին

ԱՊՀ չորս երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի ինժեներական զորքերի զինծառայողների միջև Վոլգոգրադում անցկացվող մրցույթում Հայաստանի անձնակազմը զբաղեցրել է երրորդ տեղը:

Չորս պետությունների ինժեներ-սակրավոր զինծառայողները մրցել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զորավարժարաններից մեկում անցկացված մրցույթի ժամանակ: Մրցույթի արդյունքներով Ռուսաստանը զբաղեցրել է առաջին, Բելառուսը՝ երկրորդ, Հայաստանը՝ երրորդ, իսկ Ղազախստանը՝ վերջին՝ չորրորդ տեղերը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Սակրավորները ականազերծում են տարածքը ԱՊՀ 4 երկրների ինժեներ-սակրավորների մրցույթի ժամանակ

Սակրավորները ականազերծում են տարածքը ԱՊՀ 4 երկրների ինժեներ-սակրավորների մրցույթի ժամանակ

Ինժեներ-սակրավորները մրցել են մի քանի «մարտական» խնդիրների հաղթահարման մրցույթում: Առաջին փուլով զինծառայողների ջրասուզակ խմբերը հատուկ սարքավորված պայմաններում սղոցել են «կամրջի» հենարանները ու ոչնչացնելով կամուրջը՝ թույլ չեն տվել, որ «հակառակորդի ուժերը» անցնեն գետը:

Հաջորդ փուլով հետախույզ-սակրավորներն իրենց հատուկ մեքենաներով հայտնաբերել են տեղանքի ականները, վնասազերեծլ են դրանք՝ ապահովել «յուրային զորքերի» առաջխաղացումը: Հետո լողալով անցել են գետը՝ միաժամանակ ընթացքից չափելով ջրի շարժնման ուղղությունը, գետի խորությունը, գետի հունի թեքությունը, ինչպես նաև կասեցրել են հանդիպակաց ափից «հակառակորդի դիվերսիոն խմբի» հարձակումը:

Եզրափակիչ փուլում զինծառայողների անձնակազմերը ԻՄՌ-2 ինժեներական մեքենաներով անցումներ են բացել երկաթբետոնե փլվածքներում ու հակատանկային խրամների վրայով, իսկ ՊՏՍ-2 լողացող մեքենաներով յուրայինների տեխնիկան անցկացրել են գետի վրայով:

Մրցումների ընթացքում կազմակերպիչները փորձել են պայմանները հնարավորինս մոտեցնել մարտականին: Դրա նպատակով մրցումների տարածքում թռիչքներ են իրականացրել ՌԴ ԶՈւ Սու-24Մ գրոհիչ ինքնաթիռներ ու Մի-8 ուղղաթիռներ, իսկ դրանց թռիչքի ընթացքում պայթեցվել են հողի տակ թաղված պայթուցիկ նյութի լիցքեր, որոնք օդուժի հրթիռակոծման տպավորություն են թողել:

Նախատեսված է, որ մրցումները ավանդական բնույթ են ստանալու, իսկ հաջորդ տարվա մրցումները կայանալու են Բելառուսում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *