Իրադրությունն Իրաքում. թարմացվող լրահոս. հունիսի 27

Իրաքի զինված ուժերի և «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական (սուննի ուղղության) կազմակերպության միջև մարտերը փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։

Սիրիայում հաջող գործողություններից հետո ԻԼԻՊ-ն այժմ էլ ակտիվացել է Իրաքում՝ գրավելով այդ երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլն ու առաջանալով մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ, որտեղ շիաները սկսել են պատրաստվել պաշտպանությանը։ Թեև իրաքյան զինուժը որոշակի հաջողություններ ունենում է, սակայն իսլամիստները նույնպես գրավում են նոր տարածքներ, ինչպես նաև կարողանում պահպանել արդեն գրաված տարածքները։ Իսկ քրդերի վերահսկողության տակ Քիրքուքում առաջին ահաբեկչությունն է գրանցվել։

Իրաքում զարգացումներին օպերատիվ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը.

19։00- Միացյալ Նահանգների զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը, որոնք սպառազինություն են կրում, սկսել են թռիչքներ կատարել Բաղդադի մոտակայքում, տեղեկացնում է CNN-ը։ Հարվածային անօդաչուները սկսել են թռիչքներ կատարել հունիսի 25-ից։ Ավելի վաղ նշվում էր, որ Պենտագոնը լարված հատվածներում միայն հետախուզական անօդաչուներ է կիրառում։

18։55- Իրաքյան զինուժը Մոսուլի մոտակայքում ոչնչացրել է ԻԼԻՊ-ի 90 անդամի, տեղեկացնում են իրանական աղբյուրները։

12։20- Սիրիայի ռազմաօդային ուժերն օրերս հարվածներ են հասցրել ԻԼԻՊ-ի դիրքերին Իրաքի տարածքում՝ Անբար նահանգում։  Այս մասին տեղեկացնում է CNN-ը։ Ավիահարվածի արդյունքում տասնյակ զինյալներ են սպանվել, թեև վնասվել են նաև մի շարք ենթակառուցվածքները։

11։10- Իրաքի զինված ուժերը նախօրեին 3 ուղղաթիռներով դեսանտ են իջեցրել Տիգրիտ քաղաքում, որն ԻԼԻՊ-ի զինյալների վերահսկողության տակ է, տեղեկացնում է Reuters-ը։ Ըստ չճշտված տեղեկությունների՝ իրաքցի դեսանտայինների ու զինյալների միջև մարտեր են ընթացել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *