Կորյուն Նահապետյանը ՆԱՏՕ-ի ԽՎ պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակության կազմում այցելեց Բելգրադ և Պրիշտինա

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը հունիսի 23-26-ը ՆԱՏՕ-ի ԽՎ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի պատվիրակության կազմում այցելեց Բելգրադ եւ Պրիշտինա:

 

Պատվիրակության հիմնական նպատակն էր ծանոթանալ ՆԱՏՕ-Սերբիա հարաբերությունների ուղղությամբ կատարված աշխատանքներին, անվտանգության բարեփոխումներին, Կոսովոյի խաղաղապահ ուժերի (KFOR) ծառայությանը, քաղաքական եւ տնտեսական վերջին զարգացումներին, ինստիտուցիոնալ բարեփոխումներին եւ Կոսովոյի կարգավիճակին վերաբերվող հիմնախնդիրներին:

Այցի ընթացքում հանդիպումներ եղան Սերբիայի խորհրդարանի փոխնախագահի, խորհրդարանի պաշտպանության եւ ներքին գործերի կոմիտեի անդամների, Սերբիայի պաշտպանության պետական քարտուղարի, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Սերբիայի պատվիրակության ղեկավարի, Կոսովոյի խորհրդարանի նախագահի, վարչապետի, արտաքին գործերի եւ անվտանգության ուժերի նախարարների, Կոսովոյի խաղաղապահ ուժերի հրամանատարության ներկայացուցիչների, ինչպես նաեւ Սերբիայում Սլովակիայի, Նորվեգիայի դեսպանների, Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդի հետ:

Կորյուն Նահապետյանը հանդիպեց նաեւ Կոսովոյի խաղաղապահ ուժերում ԱՄՆ հրամանատարության ներքո խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ զորախմբի ղեկավարների հետ:

Հանդիպումների արդյունքում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը գրանցեց որոշակի առաջընթաց, որը պայմանավորված է հարաբերությունների կարգավորման գործում Բելգրադի եւ Պրիշտինայի վճռականությամբ ու հաստատակամությամբ, վստահության ամրապնդմանն ուղղված կոնկրետ միջոցառումների իրականացմամբ, ժողովրդավարության եւ պետական ինստիտուտների աստիճանական կատարելագործմամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *