Գյումրիում թուրք զինվորականների հետ քննարկվել են սահմանային անվտանգության հարցեր

Օրերս Գյումրիում կայացել է հայ-թուրքական սահմանի հսկումն իրականացնող թուրք և ռուսաստանցի սահմանապահների աշխատանքային խմբի հանդիպում-նիստը, որի ընթացքում քննարկվել են սահմանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Այս մասին հայտնում է թուրքական Diyadinnet լրատվակայքը։

Աշխատանքային խմբի նիստը

Աշխատանքային խմբի նիստը

Համաձայն տեղեկության, կողմերի միջև քննարկվող թեմաների շարքում ի թիվս այլ հարցերի եղել են նաև սահմանային արգելող նշանների կարգավորմանն առնչվող հարցեր, որոնց վերջնական համաձայնեցված տարբերակներն ամրագրվել են համապատասխան արձանագրությամբ։

Հարկ է նշել, որ աշխատանքային խմբի կազմում Թուրքիայից եղել են Արփաչայի գյուղապետ Ֆարուք Էրդեմը, Աքյաքայի գյուղապետ Օսման Ուղուրլուն, Դիգորի գյուղապետ Նևզաթ Քարքաջըն, ռազմական փորձագետ Այհան Օջաքը, այլ զինվորականներ։ Ռուսաստանյան կողմի կազմի մասին, ինչպես նաև հավելյալ այլ տեղեկություններ ստանալու համար Ռազմինֆոն դիմեց Հայաստանում ռուսաստանյան սահմանապահ զորքերի մամուլի քարտուղար Սերգեյ Գրեչինին։

Վերջինս տեղեկացրեց, որ աշխատանքային հանդիպմանը ռուսաստանյան կողմը ներկայացրել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության՝ սահմանապահ ծառայության՝ հայ-թուրքական սահմանը հսկող ստորաբաժանումների միջին օղակի հրամանատարները։ Աշխատանքային նման հանդիպումներն ըստ Գրեչինի լինում են պարբերաբար, դա բնականոն գործընթաց է և դրանում արտառոց ոչինչ չկա։

Հավելենք, որ նման կազմով հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *