Իրադրությունն Իրաքում. թարմացվող լրահոս. հունիսի 24

Իրաքի զինված ուժերի և «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական (սուննի ուղղության) կազմակերպության միջև մարտերը շարունակվում են։

Սիրիայում հաջող գործողություններից հետո ԻԼԻՊ-ն այժմ էլ ակտիվացել է Իրաքում՝ գրավելով այդ երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլն ու առաջանալով մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ, որտեղ շիաները սկսել են զինվել։

Իրաքում զարգացումներին օպերատիվ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը.

14։00- Իրաքի զինված ուժերի ավիացիան հարվածներ է հասցրել Բայջայի մոտ խոշոր նավթամշակման գործարանը գրաված զինյալների դիրքերին։ Ավիահարվածի հետևանքով շուրջ 20 զինյալ է սպանվել, կան մեծ թվով վիրավորներ։ Ամեն դեպքում, գործարանը շարունակում է մնալ զինյալների վերահսկողության ներքո։

13։50- Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին CNN-ի հետ զրույցում խոսել է Իրաքի ապագայի և ինքնավար շրջանի հնարավոր անկախացման մասին։

Մասուդ Բարզանի

Բարզանին նշել է, որ ներկայում իրենք ապրում են մի նոր Իրաքում, որն ամբողջովին տարբերվում է մի քանի շաբաթ առաջ եղած Իրաքից։ Նա նշել է, որ երկար տարիներ իրենք փորձում էին օգնել կառուցել ժողովրդավարական Իրաք, սակայն ջանքերն ապարդյուն են եղել։ Ժամանակն է, որպեսզի քրդական ժողովուրդը որոշի իր ապագան, նշել է Բարզանին, սակայն խուսափել անկախություն հռչակելու վերաբերյալ հստակ հայտարարություններից։ Վերջինս չի բացառել, որ հանրաքվեի միջոցով ինքնավարությունը կորոշի իր ապագան։

11։10- ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Իրաքյան Քրդստան։ Քերին բանակցելու է քրդական ինքնավարության ղեկավարների հետ՝ Իրաքում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։

11։00- Բայջայում նավթամշակման գործարանն ամբողջությամբ անցել է սուննի ցեղախմբերի վերահսկողության տակ։ Սունիները գրոհել են գործարանը, իսկ այն հսկող իրաքցի զինծառայողներն առանց լուրջ մարտերի հանձնել են կարևորագույն օբյեկտը։ Ներկայում այն ամբողջությամբ սուննիների վերահսկողության տակ է, որոնք դեմ են հանդես գալիս շիա Նուրի ալ Մալիքիի կառավարությանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *