Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 23

Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտոր Պորոշենկոն հունիսի 20-ին ստորագրել է հրամանագիր, որով մինչև հունիսի 27-ը ուկրաինական ուժայինների գործողությունները Դոնեցկում ու Լուգանսկում դադարեցվում են։ Հրադադարին զուգահեռ փորձ է արվում գործի դնել արդեն 2 ամսից ավել շարունակվող ճգնաժամի խաղաղ կարգավորումը նախատեսող 15 կետանոց ծրագիրը, որն առաջարկել է Պորոշենկոն։

Այն ենթադրում է զինված ջոկատների կամավոր զինաթափում, նրանց անվտանգության երաշխավորում և բարեփոխումների իրականացում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում։ Չնայած այս ամենին ապստամբների և ուժայինների շփման գծի մի շարք հատվածներում գրանցվել են բախումներ։

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներ

Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներ

21։10-Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախագահը լրատվամիջոցներին հայտնել է, որ առաջիկայում ուժայինները նախատեսում են գրոհել Լուգանսկի օդանավակայանը՝ վերահսկողությունը դրա նկատմամբ վերականգնելու նպատակով։ Հիշեցնենք, Լուգանսկի օդանավակայանը նախորդ 1 ամսվա ընթացքում մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել, ինչի հետանքով զոհերի հանրագումարը հասել է մի քանի տասնյակի։

20։30-Դոնեցկի շրջանում՝ միանգամից երկու հատվածներում պայթեցրել են երկաթգիծը, ինչի հետևանքով շրջվել է 14 բեռնատար վագոն։ Ոստիկանությունը հարուցել է քրեական գործ՝ ահաբեկչության հոդվածով։

18։55-Ուկրաինայի նախագահի խորհրդական, ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն տեղեկացրել է, թե ինչ է ենթադրում նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախատեսած պահուստային ծրագիրը։ Ըստ այդմ, եթե հարավ-արևելքում ճգնաժամի կարգավորման խաղաղ ծրագիրը ձախողվի, միակ այլընտրանք է մնալու մարտական գործողությունների վերականգնումը ողջ ծավալով։ Հիշեցնենք՝ ներկայումս փորձ է արվում կյանքի կոչել նախագահ Պորոշենկոյի առաջ քաշած խաղաղ կարգավորման 15 կետանոց ծրագիրը, որի ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ զինադադարը, պահպանել դեռևս չի հաջողվում։

17։20-Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ հայրենիք են վերադարձել բոլոր 80 սահմանապահներն, ովքեր օրեր առաջ Իզվարինո սահմանային անցակետի վրա ապստամբների գործած հարձակումից փրկվելու համար նահանջել էին ՌԴ տարածք։ Նշենք, որ ավելի ուշ հայտնի դարձավ՝ սահմանապահներից ոմանք նույնիսկ քաղաքական ապաստան էին խնդրել ՌԴ-ից, սակայն այժմ նշվում է, որ վերադարձել են բոլոր 80 սահմանապահները։

15։40-Խարկովում արդեն երկրորդ օրն է, ինչ հարյուրավոր ցուցարարներ, դուրս են գալիս փողոց՝ պահանջելով իշխանություններից դադարեցնել հակաահաբեկչական գործողությունը երկրի հարավ-արևելյան շրջաններում։ Ցույցի ընթացքում բախումներ են եղել նաև ոստիկանության հետ։

15։00-Կիևյան իշխանությունների կողմնակիցներից կազմված «Այդար» գումարտակի հրամանատար Սերգեյ Մելնիչուկը լրատվամիջոցներին հայտնել է, որ գումարտակը կազմալուծվելու է՝ անձնակազմի քանակի հետ ծագած խնդրի պատճառով։ Հիշեցնենք, որ շուրջ 1 շաբաթ առաջ գումարտակը կատարեց ապստամբների դիրքերի գրոհի անհաջող փորձ, ինչի հետևանքով կորցրեց անձնակազմի գրեթե կեսից ավելին։

14։35-Լիտվայի արտգործնախարար Լինյաս Լինկյավինչյուսը լրատվամիջոցներին հայտնել է, որ Եվրամիության երկրների արտգործնախարարների խորհուրդը կայացրել է որոշում՝ ուկրաինական ոստիկանության վերապատրաստման նպատակով այդ երկրում մեկնարկ տալ երկամյա հատուկ ծրագրի։

14։00- Ուկրաինայի հարավ-արևելքում մարտերի ժամանակ 40 երեխա է զոհվել։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի գերագույն ռադայի առողջապահության հարցերով հանձնաժողովի ղեկավար Տատյան Բախտեևան։

10։59- Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ զրույցում նշել է, թե ապստամբները շարունակում են ռազմական գործողությունները, թեև ուկրաինական կողմը հրադադար է հաստատել ու դադարեցրել մարտերը։ Պորոշենկոն ապստամբների կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկացրել է նաև Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելին՝ նշելով, որ Դոնեցկում ու Լուգանսկում արդեն 20 անգամ հրադադարը խախտվել է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *